ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի հետ կայացած հանդիպմանը ներկայացրել է 2013թ. նախարարության գերակա խնդիրները և ՄԶԳ-ի հետ համագործակցության ուղղությունները:
Փոխվարչապետը կարեւորել է նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակումը, որը պետք է արտացոլի համակարգի զարգացման տեսլականը, ինչպես նաեւ ներառի ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մշակված «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի գաղափարները:
Կարևորվել է նաև նախարարության գործունեության հաջորդ ուղղությունը, որը վերաբերելու է պետական-ՏԻ մարմիններ հարաբերություններում վերահսկողական խնդիրների հստակեցմանը: Նախարարի տեղեկացմամբ՝ կվերլուծվի գործող օրենսդրությունն ու փորձը, այն կհամադրվի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ համայնքների ներքին կառավարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները, ինչպես նաեւ համայնքներում գնումների գործընթացի հետ կապված խնդիրները:
Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները նույնպես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում: Գործնական քայլեր կիրականացվեն օրենսդրության կատարելագործման, մասնավորապես` «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ընդունման եւ կիրառման, միասնական տեղական հարկի ներմուծման ուղղությամբ:
Նշված բոլոր ուղղությունները, ըստ փոխվարչապետի, լինելու են նաեւ գործընկեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության օրակարգում:
Զրուցակիցները քննարկել են ներկայացված ուղղությունների վերաբերյալ համագործակցության հնարավորությունները: Քարեն Հիլիարդն իր հերթին աջակցության պատրաստակամություն է հայտնել: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակման աշխատանքներում ՄԶԳ-ի կողմից փորձագետների ներգրավման վերաբերյալ: