IBM-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 5%-ՈՎ
Համակարգչային տեխնիկայի արտադրության և համակարգչային ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար ամերիկյան International Business Machines (IBM) ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթն աճել է 5%-ով և կազմել 16,6 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն տարեկան հասույթը կրճատվել է 2%-ով և կազմել 104,5 մլրդ ԱՄՆ դոլար:
International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին: Ընկերության աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 399 հազար մարդ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում: