BERKSHIRE HATHAWAY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 45%-ՈՎ
Ամերիկյան Berkshire Hathaway խոշորագույն ներդրումային հոլդինգն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 45%-ով և կազմել 14,82 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան գործառնական շահույթն աճել է 17%-ով և կազմել 12,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Berkshire Hathaway ընկերության հիմնադիրը միլիարդատեր և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթն է, ով հանդիսանում է մի շարք հայտնի ընկերությունների, այդ թվում և Wells Fargo & Co., American Express, Coca-Cola Company, Procter & Gamble Co ընկերությունների բաժնետեր:
Հիշեցնենք, որ 2012 թվականի վերջին Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը գնել էր ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ամերիկյան IBM ընկերության արժեթղթեր: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել էր շուրջ 10.7 մլրդ դոլար:
Berkshire Hathaway հոլդինգի կազմի մեջ են մտնում տարբեր ոլորտների ավելի քան 40 ընկերություններ: