Ուկրաինային բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար 2025-ին պետք կլինի 15 միլիարդ դոլար
2025 թվականին Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ 15 միլիարդ դոլար՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը:
Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է լուծել այս խնդիրը՝ ստանալով 50 միլիարդ դոլար G7 երկրների հաշիվներում ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից:
Ուկրաինան երկու տարի անընդմեջ կազմել է ռեկորդային դեֆիցիտով բյուջե՝ հույս ունենալով այդ դեֆիցիտի հիմնական մասը ծածկել արևմտյան գործընկերների օգնությամբ: Ընթացիկ տարում այն կկազմի 43.9 միլիարդ դոլար:
Արևմուտքում օգնության նոր փաթեթներ են հատկացվում երկար քննարկումներից հետո միայն, և գործընկերներն ավելի հաճախ զգուշացնում են, որ Կիևը պետք է ակտիվացնի ինքնաֆինանսավորման աղբյուրների որոնումը: Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են մի շարք հարկերի, ինչպես նաև վառելիքի և ծխախոտի ակցիզների բարձրացման տարբերակներ: