ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում սկսել է «Գերմանիայի տնտեսագիտական միությունը Հայաստանում» կազմակերպության գործունեությունը: Այն գերմանա-հայկական և գերմանա-վրացական տնտեսական հարաբերություններում ներգրավված ընկերությունների անդամակցությամբ կազմակերպություն է: Կազմակերպության հիմնական նպատակն է զարգացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Վրաստանի ու Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները և ներկայացնել Գերմանիայի տնտեսական շահերը:
Նշված միության կողմից հայ գործարարներին առաջարկվող ծառայություններն են.
– Գերմանիայի/ԵՄ շուկա մուտք գործելու ծառայություններ. Արտահանման/առևտրի անվճար խորհրդատվություն (տոնավաճառներ, հաճախորդների տվյալներ, հարցումների տեղադրում, մաքսային դրույքաչափեր, արտահանման փաստաթղթեր), գործարար առաջարկների մշակում և գերմանական ընկերությունների հետ կապի հաստատում,գործընկերների (մատակարարներ, հաճախորդներ) որոնում հայկական կազմակերպությունների համար, գերմանական ընկերությունների տվյալների անվճար տրամադրում՝ ըստ պահանջի, ֆինանսավորման հնարավորություններ Գերմանիայից, ավագ փորձագիտական ծառայություն, Գերմանիայից Հայաստան պատվիրակության ձևավորում, Ֆրանկֆուրտի համաշխարհային ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով հայ այցելուների խմբերի ձևավորում:
– Հրապարակումներ. գործարար նորություններ (գերմաներեն)՝ հայկական ձեռնարկությունների վերաբերյալ, մոտ 1500 ընթերցող յուրաքանչյուր ամիս:
– Գործարար միջոցառումներ. տնտեսական գիտաժողովներ և գործարար սեմինարներ, Հայաստանի և Վրաստանի վերաբերյալ մինչև 15 խորհրդատվական օր Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատում, ամենամսյա հանդիպումներ, գործարար պատվիրակություններ Գերմանիայից Հայաստան: