ՏՀԶԿ. ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կանխատեսման համաձայն՝ մինչև 2016 թվականը Չինաստանի տնտեսությունը կարող է դառնալ խոշորագույնն աշխարհում, եթե պահպանվեն երկրի տնտեսության համար կանխատեսվող «լավատեսական» ցուցանիշները:
Այսպես, սպասվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 8,5%, իսկ 2014 թվականին՝ 8,9%: ՏՀԶԿ գնահատմամբ՝ առաջիկա տաս տարվա ընթացքում Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը միջինում կկազմի 8%` շնորհիվ երկրում մեկնարկած բարեփոխումների:
Նշենք, որ 2012 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 7,8%-ով, ինչը ՀՆԱ-ի աճի նվազագույն ցուցանիշն է՝ վերջին տասը տարվա կտրվածքով:
ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իսլանդիա, Իռլանդիան, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա: