Դոնալդ Թրամփը հայտարարել է Արտաքին եկամուտների ծառայություն ստեղծելու մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Արտաքին եկամուտների ծառայություն ստեղծելու մտադրության մասին, որը պատասխանատու կլինի օտարերկրյա աղբյուրներից տուրքերի և այլ հարկերի հավաքագրման համար:
«Ես հայտարարում եմ, որ ստեղծելու եմ Արտաքին եկամուտների ծառայություն՝ արտաքին աղբյուրներից եկող բոլոր եկամուտները գանձելու: Մենք կսկսենք առևտրում մեզնից շահույթ ստացողներից. նրանք վերջապես կսկսեն վճարել իրենց արդար բաժինը»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում:
ԱՄՆ նորընտիր նախագահի խոսքով՝ համապատասխան վարչությունը կստեղծվի իր երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին:
Հիշեցնենք՝ իր ընտրվելուց հետո Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը 25% մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից եկող բոլոր ապրանքների վրա՝ կապված անօրինական ներգաղթի և թմրանյութերի մաքսանենգության հետ: Բացի այդ, նա իր նախընտրական ծրագրում առաջարկել է 60% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների համար: