ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել իրենց նորանշանակ ղեկավարներին` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:
Խոսելով ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանի մասին՝ Տիգրան Սարգսյանը նախ հիշեցրել է, որ նա Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկն է, ունի աշխատանքային մեծ փորձ՝ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ՝ մասնավոր հատվածում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վահրամ Ավանեսյանն այս տարիների ընթացքում աշխատել է տնտեսագիտական հետազոտական ոլորտում, համագործակցել է գործադիրի հետ և մասնակցել կարևորագույն փաստաթղթերի, այդ թվում՝ Կայուն զարգացման նոր ռազմավարության մշակմանը: «Նա քաջատեղյակ է գրեթե բոլոր խնդիրներին, որոնք այսօր կանգնած են կառավարության առջև: Համոզված եմ, որ այս փոփոխությունը սահուն կլինի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ներկայացնելով ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին՝ վարչապետը նշել է. «Դավիթ Սարգսյանն ունի մեծ փորձ և գիտելիք: Համոզված եմ, որ նրա կազմակերպչական ու մասնագիտական կարողություններն օգտակար կլինեն ֆինանսների նախարարի պաշտոնում: Մեզ սպասվում են լուրջ բարեփոխումներ, ուստի բավականին մեծ ծանրություն է ընկնում հենց ֆինանսների նախարարության վրա: Համոզված եմ, որ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ նախարարությունում ձևավորված կոլեկտիվը կկարողանա իր առջև դրված բոլոր խնդիրներն արդյունավետ իրականացնել»:
Ներկայացնելով սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարին՝ վարչապետը նշել է. «Մարզաշխարհը Յուրի Վարդանյանին շատ լավ է ճանաչում: Դժվար էր գտնել մի մարդու, ով լավ է պատկերացնում, թե ինչ բան է լինել մարզիկ, ինչպիսին է նրա կյանքը, ինչպիսի կարիքներ ունի նա և մենք ինչպես պետք է օժանդակենք սպորտի զարգացմանը: Այդ տեսակետից, համոզված ենք, որ պարոն Վարդանյանի փորձը և գիտելիքը հնարավորություն կտան, որպեսզի այս բնագավառում արձանագրենք լուրջ հաջողություններ»: