
ՊԵԿ. Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը:
Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը Ա․Գ․-ի անվամբ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, մաքսային զննության արդյունքում, բացի սպորտային հագուստից և կոշիկներից՝ առաքանիում հայտնաբերել են արծաթագույն կպչուն ժապավենով փաթեթավորված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, որոնց քաշը կազմել է 920 գրամ:
ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» ու «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Արդյունքում, Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Գ-ն: Վերջինս ներկայացվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է։
Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, և համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալված անձի բնակության հասցեում կատարվել են խուզարկություններ։
Վարույթն իրականանացնող մարմնի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, քրեական վարույթով, մեղադրյալը կալանավորվել է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։