
ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են
Դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն. 2025թ․ մարտ
- 2025 թվականի մարտի 18-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:
- 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով
- 2․5%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%:
2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում և հիմնական գործընկեր երկրներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման ռիսկերը սրվել են՝ պայմանավորված միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև պահպանվող աշխարհաքաղաքական խնդիրներով: էականորեն ավելացել են նաև միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի և դրանից բխող՝ պարտքի ավելացման, ինչպես նաև երկարաժամկետ տոկոսադրույքների վերաբերյալ անորոշությունները: Միաժամանակ գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները՝ խիստ: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
2025 թվականի տարեսկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ: Տնտեսական աճին մեծապես նպաստել է շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի բարձր աճը: Այն կրել է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Այս զարգացումներին զուգահեռ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդը քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի և դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գների կայունության նպատակի ապահովման համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման և ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ: Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից։
Տնտեսական իրավիճակի ամփոփագիր
Համաշխարհային տնտեսություն
2025 թ. 1-ին եռամսյակում հիմնական գործընկեր երկրներում շարունակել են արձանագրվել ոչ միանման տնտեսական զարգացումներ: ԱՄՆ-ում վերջին եռամսյակներում արձանագրված բարձր տնտեսական աճը և հարստության ավելացումը նախադրյալներ են պարունակում սպառման աճով պայմանավորված տնտեսական աճի շարունակականության տեսանկյունից, սակայն վերջին ամիսներին տնտեսական քաղաքականության հեռանկարի շուրջ առկա անորոշությունն առաջիկայում կարող է զսպել մասնավոր պահանջարկը։ Ռուսաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, որին մեծապես նպաստում է ներքին սպառման, հատկապես ծառայությունների, բարձր աճը։ Միևնույն ժամանակ, Չինաստանում նկատվում է տնտեսական ակտիվության աճի դանդաղում՝ պայմանավորված ներքին պահանջարկի թուլացմամբ, իսկ Եվրոգոտում տնտեսական աճը պահպանվում է ցածր մակարդակում: Համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանվում են տնտեսական ակտիվության աճի դանդաղման ռիսկերը:
ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Ավելացել է տնտեսական քաղաքականության՝ հատկապես առևտրային և հարկաբյուջետային քաղաքականությունների շուրջ անորոշությունը, ինչը վերջին ամիսներին նպաստել է ֆինանսական շուկաներում տատանողականության ավելացմանը և ակտիվների գների որոշակի ճշգրտմանը։ Չնայած ԱՄՆ-ում, վերջին եռամսյակների ընթացքում, սպառումը շարունակում է աճել բարձր տեմպերով՝ նպաստելով բարձր տնտեսական աճի պահպանմանը (2024 թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 2.3% տնտեսական աճ, որին շուրջ 2.8 տոկոսային կետով նպաստել է անձնական սպառման ծախսերի աճը), այնուհանդերձ, վերջին ամիսներին տնտեսական քաղաքականության շուրջ անորոշության ավելացումը ռիսկեր է պարունակում սպառման և ներդրումների հետաձգման և տնտեսական աճի դանդաղման տեսանկյունից: Թեև ընդհանուր գնաճն աստիճանաբար մոտենում է թիրախին, հիմնարար գնաճը բնութագրող որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս ձևավորվում են թիրախային մակարդակից զգալիորեն բարձր: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վարվող առևտրային և հարկաբյուջետային քաղաքականությունները գնաճային միջավայրի ընդլայնման տեսանկյունից էական ռիսկեր են պարունակում, ինչը կարող է խորացնել ԱՄՆ ԴՊՀ-ի երկընտրանքը գների կայունության և լրիվ զբաղվածության ապահովման նպատակների միջև։ Ի լրումն կարճաժամկետ գնաճային ազդեցությունների՝ միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային քաղաքականության առավել խթանող դիրքի հնարավոր ձևավորումը ռիսկեր է պարունակում նաև պարտքի բեռի ավելի բարձր ուղեգծի դրսևորման և հիմնարար չեզոք տոկոսադրույքի ավելացման համատեքստում: Դա իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ ԴՊՀ-ի քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա: Վերոնշյալ զարգացումները շարունակում են խնդիրներ ստեղծել դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության հանձնառության ապահովման տեսանկյունից:
Եվրոպական կենտրոնական բանկը 2025 թ. մարտին ևս նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 2.65%։ 2024 թ-ին, արտաքին պահանջարկի ժամանակավոր գործոններով պայմանավորված՝ որոշակի արագացումից հետո, տարեսկզբին տնտեսական աճը, ընդհանուր առմամբ, պահպանվում է ցածր մակարդակում, իսկ աճի հեռանկարը և կառուցվածքը, հատկապես արդյունաբերության ճյուղում, շարունակում են մնալ մտահոգիչ։ Ընդհանուր գնաճը նվազում է ապրանքների գնաճի թուլացման հաշվին, իսկ ծառայությունների գնաճը մնում է բարձր՝ արտահայտելով տնտեսության տարբեր հատվածներում զարգացումների միջև բևեռացման խորացումը։ Սա էական մարտահրավեր է ԵԿԲ քաղաքականության ճշգրտման արագության և գնաճի նպատակի ապահովման տեսանկյունից:
Եվրոգոտում և Չինաստանում թույլ ներքին պահանջարկի պահպանման ռիսկերը, ինչպես նաև տնտեսական քաղաքականության և աշխարհաքաղաքական զարգացումների ուղղությունները մնում են համաշխարհային տնտեսության ավելի ցածր աճի հեռանկարի վերաբերյալ հիմնական անորոշության գործոնները:
Ռուսաստանում տնտեսական աճը պահպանվում է բարձր մակարդակում, որին շարունակում են նպաստել ինչպես խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ մասնավոր ծախսումների զգալի աճը: Նման միջավայրում ռազմական արդյունաբերության և մասնավոր հատվածի միջև աշխատուժի համար մրցակցության խորացումը, աշխատանքի շուկայի լարված պայմաններում, կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի ուժգնացմանը։ Այս համատեքստում, չնայած Ռուսաստանի ԿԲ-ի կողմից քաղաքականության պայմանների զգալի խստացմանը, գնաճի կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց դեռևս չի նկատվում։ Մյուս կողմից՝ ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները, դրամավարկային պայմանների զգալի խստացման միջավայրում, որոշակի ռիսկեր են պարունակում ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Միևնույն ժամանակ, աճել է ռուս-ուկրաինական հակամարտության հավանական մոտալուտ հանգուցալուծման հավանականությունը, ինչը տնտեսության կարճաժամկետ և միջնաժամկետ աճի մասով առավելապես վերևի ուղղությամբ ռիսկեր է պարունակում:
Համաշխարհային ապրանքահումքային շուկաներում պարենային ապրանքների գները վերջին ամիսներին կայունացել են՝ ձևավորվելով նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում: Այդուհանդերձ, ապրանքահումքային շուկաների միջնաժամկետ զարգացումների շուրջ զգալի անորոշությունը պահպանվում է: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է նավթի գների և տատանողականության հնարավոր աճի, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների ռիսկեր պարունակել: Մյուս կողմից՝ համաշխարհային պահանջարկի հետագա թուլացման պարագայում կարող են արձանագրվել գնանկումային ճնշումներ:
Ներքին պահանջարկի պայմաններ
2024 թ․ 4-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը շարունակել է դանդաղել՝ ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին մոտ: Աճին էական նպաստում են ունեցել շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը: Տնտեսական ակտիվության այդ միտումները պահպանվել են նաև 2025թ. հունվարին, իսկ աճը որոշակիորեն արագացել է՝ կազմելով 7.1%։ Հարկ է նշել, որ տնտեսական աճի կայունացմանը զուգընթաց թուլացել է նաև կենտրոնացվածությունը: Այդուհանդերձ, աճի կառուցվածքով պայմանավորված՝ համախառն առաջարկի և համախառն պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է:
2022 թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ և զբոսաշրջիկների իրական ծախսերի ճշգրտմամբ:
Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին զբոսաշրջության և ծառայությունների բարձր աճերը վկայում են ներքին բարձր պահանջարկի մասին: Այս համատեքստում սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից՝ դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների աստիճանաբար թուլացումը և առկա ընդհանուր գնաճային թույլ միջավայրը վկայում են համեմատաբար թույլ պահանջարկի առկայության մասին: Պահպանվում են նաև ներքին պահանջարկի հեռանկարի վերաբերյալ անորոշությունները: Դա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը և կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում, խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված, համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության՝ ամբողջական պահանջարկի վրա ազդեցության շուրջ անորոշությունը մեծացել է: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի թերակատարման և, դրան զուգահեռ, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով: Առարկայական են նաև ծախսերը թերակատարելու, ինչպես նաև դրանց կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ պահանջարկի վրա ավելի զսպող ազդեցություն ունենալու ռիսկերը։
Աշխատանքի շուկա և գնաճ
Աշխատանքի շուկայի զարգացումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Ըստ տնային տնտեսությունների՝ աշխատուժի վերաբերյալ 2024 թ. 3-րդ
եռամսյակում անցկացված հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակը կազմել է 13.3%՝ շուրջ 1.2 տոկոսային կետով բարձր նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել դրանից ածանցվող հնարավոր սցենարները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման և ճշգրտման գործոն՝ հաշվի առնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գործազրկութ-յան մակարդակի աճը տեղի է ունեցել ոչ թե աշխատուժի առաջարկի ավելացման, այլ զբաղվածների թվի նվազման հաշվին։ Սա համահունչ է նաև ընթացիկ տարում օտարերկրյա աշխատողների որոշակի արտահոսքի և աշխատավարձերի աճի տեմպերի դանդաղման հետ: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել՝ վերջին մեկ տարում մոտ 34 հազարով: Դա վկայում է աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին: Միաժամանակ, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ:
Վերջին ամիսներին նկատվել է մասնավոր հատվածի աշխատավարձերի աճի արագացում, սակայն այն դեռևս ձևավորվում է արտադրողականության աճի և գնաճի թիրախին համահունչ մակարդակից ցածր: Միջնաժամկետում և երկարաժամկետում աշխատա- շուկայի պայմանների և շուկայից բխող ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ընդլայնումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է Ռուսաստանի տնտեսության աճի հեռանկարի շուրջ բարձր անորոշության և դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի ու ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային մասնակցության հետ, ինչպես նաև աշխատանքի շուկային տնտեսապես ոչ ակտիվ բնակչության ինտեգրման հետ:
2025 թ․ առաջին եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվում է՝ մեծ մասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող դեռևս գնանկումային ազդեցություններով, ինչպես նաև ներքին որոշ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2025 թվականի փետրվարին կազմելով 2.5%: Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ փետրվարին կազմելով տ/տ 2.2%: Միջազգային շուկայում պարենի գների աճը դեռևս ամբողջությամբ չի արտացոլվել ներքին գներում: Մյուս կողմից՝ շարունակվում է ներմուծվող ոչ պարենային ապրանքների գնանկումը, որը հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսությունում արտադրողների գների անկմամբ: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի թուլացման հետ կապված, որոշ ծառայությունների գները շարունակել են նվազել: Այս պայմաններում գնաճային սպասումները ևս շարունակել են նվազել՝ մոտենալով թիրախային մակարդակին: Այդ մասին են վկայում ինչպես երկար ժամանակ պահպանվող ցածր գնաճային միջավայրը, այնպես էլ տնային տնտեսությունների շրջանում անցկացվող հարցումները:
Դրամավարկային քաղաքականություն
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների սպասումները, նախորդ հարցումների համեմատությամբ, որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորը որոշակիորեն տեղաշարժվել է ներքև՝ արտահայտելով նաև գնաճի թիրախային մակարդակի նվազեցման արդյունքում գնաճային սպասումների աստիճանական ճշգրտումը: Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ:
Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը վերջին ամիսների ընթացքում որոշակիորեն նվազել և պահպանվում է երկրի հիմնարարներով պայմանավորված երկարաժամկետ կայուն մակարդակից զգալիորեն ցածր։ Այդուհանդերձ, դա պարունակում է պարտքի կայունության, աշխարհաքաղաքական, այդ թվում՝ սահմանային լարվածության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անորոշություններ։ Այս համատեքստում, երկրի ռիսկի հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր ճշգրտումը ռիսկեր է պարունակում չեզոք տոկոսադրույքի դեպի վեր վերանայման տեսանկյունից, ինչը, այլ հավասար պայմաններում, պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր՝ կապված առավել խթանող ԴՎՔ դիրքի հետ: Միաժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազման տեսանկյունից:
ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Սույն զեկույցում ներկայացված տիպային Ա սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի բարձր ուղեգիծ) հիմքում այն դատողություններն են, որ ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր հանգուցալուծումը և ՌԴ տնտեսական հեռանկարի հնարավոր դրական զարգացումները կարող են լրացուցիչ գնաճային ճնշումներ ստեղծել՝ արտաքին պահանջարկի ավելացման, ՀՀ-ից դեպի ՌԴ սեզոնային միգրացիայի և դրամական փոխանցումների ավելացման արդյունքում։ Այս պարագայում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ուղուն առավել կհամապատասխանի շուկայի սպասումների համեմատությամբ ավելի խիստ դիրքը՝ հաշվի առնելով առաջիկայում ներքին բարձր պահանջարկի ձևավորման և համապատասխան գնաճային ռիսկերը:
Սույն զեկույցում ներկայացված տիպային Բ սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի ցածր ուղեգիծ) հիմքում ընկած են այն դատողությունները, որ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության շուրջ զգալի անորոշությունները տնային տնտեսությունների և ձեռնարկությունների շրջանում հանգեցնում են վստահության կտրուկ նվազմանը, ինչի հետևանքով հետաձգվում են սպառողական և ներդրումային ծախսերը, իսկ տնտեսական աճն էականորեն դանդաղում է։ Հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության մասշտաբները՝ նշված զարգացումները կնպաստեն նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում գնանկումային միջավայրի ձևավորմանը և համաշխարհային տնտեսությունում սպառողական և բիզնես վստահության անկմանը։ Հետևաբար, արտաքին թույլ պահանջարկի ձևավորման և արտաքին հատվածից գնանկումային ճնշումների առկայության պարագայում, ՀՀ-ում կձևավորվեն թույլ պահանջարկի և ցածր գնաճային միջավայրի երկարատև պահպանման ռիսկեր։ Նման իրավիճակում ԿԲ-ն կնախընտրի շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի առավել կտրուկ նվազման ուղի՝ միջնաժամկետում պահանջարկը խթանելու և գնաճը թիրախին մոտեցնելու նպատակով:
Ընթացիկ ժամանակահատվածին բնորոշ հիմնարար ռիսկերի և անորոշությունների պայմաններում, հնարավոր ռիսկերի խելամիտ կառավարման նպատակով, ՀՀ ԿԲ-ն կառուցում և դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Քաղաքականությանը վերաբերող քննարկումների, ինչպես նաև սցենարների նկարագրված ռիսկերի հաղորդակցման նպատակով առավել մանրամասն դիտարկվել են տիպային երկու սցենարներ: Տիպային այս սցենարները չեն ներկայացնում ամենահավանական ապագան, չեն կարևորում և որոշակի հավանականություն վերագրում հիմնական արդյունքներին, ինչպես նաև ամբողջությամբ չեն ամփոփում տնտեսությանը բնորոշ բոլոր ռիսկերն ու անորոշությունները: