
Գերմանիայում սեփական ոսկու վերադարձն ԱՄՆ-ից կարող է դառնալ օրակարգային
Գերմանիայում սկսել են քննարկել իրենց պատկանող ոսկին ԱՄՆ-ից վերադարձնելու հարցը։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը։
Նրա խոսքով, պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), որը կգլխավորի Գերմանիայի հաջորդ կառավարությունը, քննարկում է այդ հնարավորությունը, քանի որ կարծում է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող վստահելի գործընկեր համարվել։
Խոսքը 113 միլիարդ եվրո արժողությամբ 1200 տոննա ոսկու վերադարձի մասին է։ Սա կարող է պատասխան լինել Վաշինգտոնի մաքսատուրքերին և ԱՄՆ առաջնորդի անկանխատեսելի քաղաքականությանը:
Ավելի վաղ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը հիշեցրել էր, որ Գերմանիան ԱՄՆ-ին է վստահել իր ոսկու պաշարների 37%-ը, սակայն քանի որ երկու երկրների հարաբերությունները վատանում են, ռիսկը, որ Գերմանիան չի կարողանա վերադարձնել իր պաշարները, մեծանում է։
Մինչ այս Եվրոպական հարկատուների ասոցիացիայի նախագահ Միխայել Յագերը կոչ էր արել վերադարձնել գերմանական ոսկին ԱՄՆ-ից։