ՊԱՆԱՄԱՆԱԿԱՆ ՋՐԱՆՑՔԸ ՇՈՒՏՈՎ ԿԱՐՈՂ Է ՄՐՑԱԿԻՑ ՈՒՆԵՆԱԼ
Պանամական ջրանցքը շուտով կարող է կորցնել Խաղաղ օվկիանոսը Ատլանտյանին կապող միակ կարճ ճանապարհի կարգավիճակը: Խոսքը Նիկարագուայում կառուցվելիք նոր ջրանցքի մասին է:
Օրեր առաջ Նիկարագուայի խորհրդարանը ընդունել է օրենք, որի համաձայն նոր ջրանցք կառուցելու և կառավարելու իրավունքը 50 տարով տրվել է չինական «Նիկարագուա կէնըլ դեվելոփմենթ ինվեսթմենթ» ընկերությանը: Օրենքը նախատեսում է կառավարման իրավունքի երկարաձգում ևս 50 տարով:
Օրենքի համաձայն ընկերությունն ջրանցքի գործունեության առաջին 10 տարում պետությանը կվճարի 10 միլիոն դոլար, այնուհետ վճարի չափը կախված կլինի ընկերության ստացած եկամուտից: Վարձակալության ժամկետի ավարտից հետո ջրանցքը կվերադարձվի Նիկարագուայի կառավարությանը:
Ջրանցքի կառուցման համար անհրաժեշտ կլինի 40 միլիարդ դոլար և 11 տարի: Ջրանցքի կառուցման ընթացքում կստեղծվի 40 000 աշխատատեղ: Ջրանցքի երկարությունը 200 կմ-ից ավել կլինի: Խորությամբ և լայնությամբ այն կգերազանցի Պանամական ջրանցքին: