
7–10 տարեկան ընթերցասերների մրցապայքար՝ «Մարդուկ-Կարդուկ» մրցույթի եզրափակիչ փուլ
Հունիսի 14-ին, ժամը 11:00–15:00, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «ԲՎԻԿ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդուկ-Կարդուկ» եռամսյա ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը։
«Մարդուկ-Կարդուկ» մրցույթը նախատեսված է 7–10 տարեկան երեխաների համար և կազմված է երկու փուլից։ Մասնակիցները կարդացել են 5 գիրք և մասնակցել բոլոր գրքերի քննարկմանը։
Մրցույթը մեկնարկել է 360 մասնակիցով։ Առաջին՝ առցանց թեստին մասնակցել է 154 երեխա, որոնցից 111-ը անցել են եզրափակիչ փուլ։ Հունիսի 14-ին նրանք մրցեցին եզրափակչում՝ պայքարելով գլխավոր մրցանակների համար.
- I տեղ – հեծանիվ՝ «Սպորտմաստեր»-ի կողմից
- II տեղ – Yerevan Park-ի տոմսեր երկու անձի համար
- III տեղ – «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ
2024 թվականին հիմնադրված «ԲՎԻԿ» կրթական հիմնադրամը նպատակ ունի նպաստել կրթված և զարգացած հասարակության ձևավորմանը։ Մեր կարգախոսն է՝ «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ»։ Հիմնադրամը կազմակերպում է ընթերցանության մրցույթներ տարբեր տարիքային խմբերի համար՝ ուղղված գրագիտության մակարդակի բարձրացմանը, քննադատական մտածողության զարգացմանը, գրագետ խոսքի տարածմանը, ինչպես նաև կենսաթոշակառուների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Եզրափակչի ընթացքում՝ մինչ կամավորները ստուգում էին թեստի արդյունքները, երեխաները ունկնդրեցին հեքիաթ, վայելեցին համեղ հյուրասիրություն, երգեցին և խաղացին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել «Բվիկ» կրթական հիմնադրամի հետ։
«Բվիկ» կրթական հիմնադրամ