
ՕՊԵԿ+ երկրները օգոստոսին կբարձրացնեն նավթի արդյունահանման ծավալներն օրական 548 հազար բարելով
Ըստ ՕՊԵԿ-ի մամուլի հաղորդագրության՝ ՕՊԵԿ+ երկրները, որոնք 2023 թվականին սահմանափակել էին նավթի արդյունահանումը օրական 2.2 միլիոն բարելով, 2025 թվականի օգոստոսին կավելացնեն արդյունահանման քվոտաներն օրական 548 հազար բարելով։ Այդ երկրներն են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «հաշվի առնելով համաշխարհային տնտեսության կայուն աճի հեռանկարները և նավթի ցածր պաշարներով պայմանավորված առողջ շուկան», որոշվել է օգոստոսին՝ հուլիսի համեմատությամբ, իրականացնել 548 հազար բ/օր միավոր արդյունահանման աճ։
Սա համարժեք է այն քառակի ամսական ավելացումներին, որոնք համաձայնեցվել էին 2024 թվականի գարնանը։ Այն ժամանակ որոշվել էր, որ երկրները սահմանափակումները կհանեն աստիճանաբար՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերը՝ ամսական 130-140 հազար բ/օր քայլով՝ սկսած 2024 թվականի ապրիլից։ Սակայն մայիսի, հունիսի և հուլիսի համար որոշվել էր ավելի արագ՝ ամսական 411 հազար բ/օր աճ։ Այդ նույն մոտեցումը կիրառվում է նաև օգոստոսի համար։
ՕՊԵԿ-ն ընդգծում է, որ այս ավելացումները կարող են կասեցվել կամ չեղարկվել՝ կախված շուկայի փոփոխվող պայմաններից՝ նավթային շուկայի կայունությունը պահպանելու նպատակով։
Վերոնշյալ ութ երկրներն էլ հաստատել են, որ մտադիր են ամբողջությամբ փոխհատուցել բոլոր ավելցուկային ծավալները՝ սկսած 2024 թվականի հունվարից։
Հաջորդ հանդիպումը, որի ժամանակ որոշվելու է սեպտեմբերի արդյունահանման մակարդակը, կկայանա օգոստոսի 3-ին։