
ԱՄՆ-ն մոտ է մի շարք երկրների հետ առևտրային համաձայնագրերի կնքմանը
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է մի շարք երկրների հետ առևտրային համաձայնագրերի կնքմանը։
«Մենք մոտ ենք գործարքների մի շարք երկրների հետ։ Ինչպես միշտ լինում է, մեր գործընկերները ձգձգում են ժամանակը: Կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում մենք կարևոր հայտարարություններ կունենանք այդ համաձայնագրերի վերաբերյալ», – նշել է նա CNN-ի եթերում։
Բեսենթը հիշեցրել է նաև, որ երկուշաբթի օրվանից ԱՄՆ վարչակազմը կսկսի նամակներ ուղարկել այն երկրներին, որոնք հրաժարվել են ԱՄՆ-ի հետ կնքել նորացված առևտրային համաձայնագրեր։ Այդ նամակներում նշված կլինի այն մաքսատուրքերի չափը, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսից յուրաքանչյուր երկրի համար։
Հիշեցնենք՝ ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մի շարք երկրների նկատմամբ զգալի մաքսատուրքեր սահմանելու մասին՝ բացատրելով դա այն հանգամանքով, որ այդ պետություններն իրենց հերթին սահմանափակումներ են մտցրել ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Ավելի ուշ նա համաձայնել էր ժամանակավորապես դադարեցնել այդ որոշման իրականացումը։ Սակայն այդ դադարեցման ժամկետը լրանում է այս չորեքշաբթի օրը։