
Մինչև 2040 թվականը ՕՊԵԿ+ խմբի բաժինը համաշխարհային նավթի շուկայում կգերազանցի 50%-ը
Աշխարհում նավթի և այլ հեղուկ ածխաջրածինների առաջարկը մինչև 2050 թվականը կաճի 20.6 միլիոն բարելով՝ համեմատած 2024 թվականի հետ՝ հասնելով օրական 123 միլիոն բարելի։ Այդ ցուցանիշի ավելի քան կեսը 2040 թվականից արդեն բաժին կընկնի ՕՊԵԿ+ երկրներին։ Այս մասին ասվում է ՕՊԵԿ տարեկան զեկույցում։
Ալյանսի վերլուծաբանների գնահատմամբ՝ մինչև 2035 թվականը շուկայի հիմնական մասնաբաժինը՝ մոտ 52%-ը դեռ կպահպանեն ՕՊԵԿ+-ին չանդամակցող երկրները։ Սակայն դրանից հետո միտումը կսկսի փոխվել։ Մինչև 2035 թվականը այդ երկրների առաջարկը կհասնի առավելագույնին՝ 59.8 միլիոն բարել օրական, սակայն հետագայում կսկսի նվազել՝ 2050-ին հասնելով մինչև 58.9 միլիոն բարել:
Այս փոփոխությունը հիմնականում կապված է ամերիկյան մայրցամաքի երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ։ Ամերիկյան արտադրության պիկը կանխատեսվում է 2030 թվականին՝ 29.6 մլն բարել (այդ թվում՝ 23.1 մլն բարել ԱՄՆ-ում)։ Սակայն դրանից հետո կլինի անկման միտում՝ մինչև 27.3 մլն բարել ամբողջ տարածաշրջանի համար 2050 թվականին, որից 19.6 մլն բարելը կլինի ԱՄՆ-ի հաշվին։
ՕՊԵԿ-ի գնահատմամբ՝ արդեն 2040 թվականին ՕՊԵԿ+ խմբի առաջարկը կգերազանցի արտաալիյանսյան երկրների ցուցանիշը՝ համապատասխանաբար 60.4 մլն բարելն ընդդեմ 59.7 մլն բարելի։ Իսկ 2050 թվականին այդ տարբերությունը կաճի՝ 64.1 մլն բարելն ընդդեմ 58.9 մլն բարելի։
Այսպիսով, առաջիկա 25 տարում ՕՊԵԿ+ խմբի մասնաբաժինը նավթի համաշխարհային շուկայում կաճի մինչև 52%՝ համեմատած ներկայիս 48%-ի։