
Թրամփը զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը՝ ռուսական նավթի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է զգալիորեն բարձրացնել հնդկական արտահանման մաքսատուրքերը, քանի որ, ըստ նրա պնդումների, Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնման քաղաքականությունը նպաստում է Ուկրաինայում ճգնաժամի շարունակմանը։
«Հնդկաստանը ոչ միայն գնում է հսկայական ծավալով ռուսական նավթ, այլև վերավաճառում է դրա մեծ մասը բաց շուկայում՝ ստանալով խոշոր շահույթ: Ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող մաքսատուրքերը», – գրել է նա Truth Social հարթակում և հավելել, որ Հնդկաստանը հաշվի չի առնում Ուկրաինայի կոնֆլիկտը:
Հուլիսի վերջին Թրամփը նաև խոստացել էր սահմանել լրացուցիչ 25% մաքսատուրք հնդկական ապրանքների նկատմամբ, ինչպես նաև տուգանքներ՝ Ռուսաստանից զենք և էներգակիրներ գնելու համար։ Հնդկաստանում դրանից հետո հույս էին հայտնել շարունակելու մաքսատուրքերի շուրջ բանակցությունները, սակայն միաժամանակ խոստացել էին պաշտպանել ազգային շահերը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստանը կոչել է «դաշնակից» և «ստրատեգիական գործընկեր», սակայն ընդգծել է, որ Դելիի կողմից ռուսական նավթի գնումը շարունակում է մնալ «խանգարող գործոն» և արգելակել է ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունների զարգացումը։
Օգոստոսի 3-ին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Հնդկաստանի իշխանությունները արգելք չեն սահմանել իրենց ընկերությունների վրա՝ ռուսական նավթ գնելու հարցում։ Ըստ աղբյուրների՝ Հնդկաստանը նավթավերամշակման գործարաններին (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր) հրահանգ չի տվել դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Նավթի գնումը հանդիսանում է առևտրային որոշում, որը կայացվում է ընկերությունների կողմից՝ իրենց հայեցողությամբ: