
Մասնագետները կանխատեսել են ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետևանքով Հնդկաստանի վնասները
ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով Հնդկաստանի տնտեսության աճը կարող է դանդաղել մինչև մեկ տոկոսային կետով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությունը կարող է էլ ավելի վնասել Հնդկաստանի՝ առանց այն էլ դանդաղող տնտեսությանը։ Ավելին, մի շարք հնդկական տնտեսության ճյուղեր, որոնց արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, կարող են կորցնել մրցունակությունն ամերիկյան շուկայում։
ԱՄՆ-ի մաքսատուրքերը մեծ հարված կհասցնեն Հնդկաստանի տնտեսության հետևյալ հատվածներին՝ թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արդյունաբերություն, տեքստիլ և կոշիկի արտադրություն։
Վնասները կարող են ավելի խորանալ, եթե Վաշինգտոնը մաքսատուրքերը տարածի դեղագործական և էլեկտրոնիկայի ոլորտների վրա։
Nomura Holdings ընկերության տնտեսագետներ Սոնալ Վարման և Աուրոդիպ Նանդին նշում են, որ 50%-անոց մաքսատուրքը համարժեք կլինի առևտրային էմբարգոյի։
Իսկ Citigroup-ի վերլուծաբան Սամիրան Չակրաբորտին նշել է, որ արտահանումն այս պայմաններում կդառնա «տնտեսապես ոչ կենսունակ»։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր՝ հնդկական ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25%-անոց մաքսատուրքի սահմանման մասին։