
ԱՄՆ-ում գնահատել են բյուջեի եկամուտները Թրամփի մաքսատուրքերի շնորհիվ
ԱՄՆ-ն նախատեսում է բյուջեն համալրել ամսական մինչև 50 միլիարդ դոլարով՝ ներմուծման մաքսատուրքերի բարձրացման շնորհիվ։ Դաշնային բյուջեի հնարավոր եկամուտները գնահատել է երկրի առևտրի նախարար Հոուարդ Լաթնիկը:
Նրա խոսքով՝ մինչ վերջերս առևտրային սահմանափակումների պատճառով եկամուտը կազմում էր ամսական մոտ 30 միլիարդ դոլար։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացում հայտարարելուց հետո այդ ցուցանիշը գրեթե կկրկնապատկվի։
Մաքսատուրքերի վճարումներից եկամուտը գոյանում է ԱՄՆ տարածք ներկրվող բոլոր տեսակի ապրանքներից՝ ներառյալ դեղագործական արտադրանքն ու կիսահաղորդիչները։ Լաթնիկի խոսքով՝ ի վերջո այդ եկամուտները կարող են հասնել տրիլիոն դոլարի։
Այսպես կոչված փոխադարձ մաքսատուրքերը ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ի կեսգիշերից։ Թրամփը հայտարարել է, որ այդ սակագներն ամերիկյան տնտեսություն կբերեն միլիարդավոր դոլարներ։ Գլխավոր աղբյուրները կլինեն այն երկրները, որոնք երկար տարիներ շահարկել են առևտրային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է նոր, ավելի խիստ երկրորդային պատժամիջոցների մասին՝ ուղղված այն երկրների դեմ, որոնք համարվում են Ռուսաստանի առևտրային գործընկերներ։ Նրա խոսքով՝ այդ երկրների թվում կարող է լինել նաև Չինաստանը։
ԱՄՆ նախագահը նաև նախազգուշացրել է, որ քննարկում է մաքսատուրքերի հարցը BRICS երկրների նկատմամբ՝ նշելով, որ խմբի պետությունները հանդես են գալիս ԱՄՆ-ի դեմ և փորձում են վարկաբեկել ամերիկյան դոլարը՝ զրկելով այն համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից։