
Bloomberg․ Tesla-ն դադարեցրել է Dojo սուպերհամակարգչի մշակումը
Ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրող Tesla ընկերությունը դադարեցնում է Dojo սուպերհամակարգչի վրա աշխատող թիմի գործունեությունը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ նախագծի ղեկավար Փիթեր Բենոնը լքում է ընկերությունը։ Նրա թիմի առնվազն 20 անդամ արդեն հեռացել է, իսկ մնացած աշխատակիցները տեղափոխվել են Tesla-ի այլ նախագծերի վրա աշխատող թիմեր։
Այժմ ընկերությունն ավելի ակտիվ պատրաստվում է ապավինել իր տեխնոլոգիական գործընկերներին, այդ թվում՝ ամերիկյան Nvidia և AMD (Advanced Micro Devices) ընկերություններին, ինչպես նաև հարավկորեական Samsung Electronics-ին։
Dojo սուպերհամակարգիչը մշակվել էր Tesla-ի կողմից՝ ինքնավարման համակարգը բարելավելու նպատակով օգտագործվող արհեստական բանականության մոդելների ուսուցման համար։ Այս համակարգը հնարավորություն էր տալիս մեծ ծավալի տվյալներն ու էլեկտրամոբիլներից ստացված տեսանյութերն արագ վերամշակել։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։