ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է ՇՈՒՐՋ 550 ՄԼՆ ԴՐԱՄ
Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսվում է շուրջ 550 միլիոն դրամի շրջանակում մայրաքաղաքի 11 վարչական շրջանում վերանորոգել թվով 28 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Միևնույն ժամանակ, որոշ մանկապարտեզներում այս տարի կշարունակվեն նախորդ տարիներից անավարտ մնացած աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ ըստ առաջնահերթության հիմնական շեշտը դրվել է մանկապարտեզների տանիքների, դռների ու պատուհանների, ջրագծերի, ներքին հարդարման, սանիտարական հանգույցների նորոգման վրա:
Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել որակին և գործընթացը պարտադիր ավարտել նախատեսված ժամկետներում` մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկա տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կշարունակվեն մասնակի կամ հիմնանորոգման աշխատանքները`գործընթացում ներգրավելով նաև մասնավոր և բարեգործական կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների ջեռուցման աշխատանքներն ավարտվել էին դեռևս 2012 թվականին: