
Գերմանիայում բիզնես ակտիվությունը հասել է առավելագույնին
Գերմանիայի բիզնես ակտիվության կանխատեսումը հուլիսին 90.8 կետից աճել է մինչև 91.6 կետ, ինչը դարձել է առավելագույնը՝ 2022 թվականից ի վեր։ Միաժամանակ, բիզնես մթնոլորտի ինդեքսը բարձրացել է 88.6-ից մինչև 89։ Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են սպասումները:
Ընկերությունները հիմնականում հույսը դրել են պատվերների ծավալի և այլ ցուցանիշների բարելավման վրա, թեև արդյունք դեռևս չկա։ Այնուամենայնիվ, ստացված տվյալները թույլ են տալիս հույս ունենալ, որ Գերմանիայի տնտեսությունը դուրս կգա փակուղուց։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ավելի վաղ ընդունել էր, որ երկիրն ապրում է տնտեսության կառուցվածքային ճգնաժամ, և տարվա երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 0.3%-ով, ինչը զգալիորեն ավելի վատ է կանխատեսումներից։ Բացի այդ, մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը բարդացնելու է արտահանումն արտադրողների համար։
Այնուամենայնիվ, Գերմանիայում հույս ունեն, որ տնտեսությունն ու արտահանողները կկարողանան հաղթահարել դժվարությունները։ Մասնագետների գնահատմամբ՝ 2026 թվականին իրավիճակը կբարելավվի ենթակառուցվածքների արդիականացման և բանակի վերազինման շնորհիվ։