
Mitsubishi-ն դուրս է գալիս Ճապոնիայում քամու էներգետիկայի նախագծերից
Nikkei-ի տվյալներով՝ ճապոնական Mitsubishi կորպորացիան և նրա գործընկեր Chubu Electric ընկերությունը դադարեցնում են մասնակցությունը երկրի ափամերձ քամու էլեկտրակայանների նախագծերին՝ ծախսերի աճի և անշահութաբերության պատճառով։
Ինչպես գրում է պարբերականը՝ այս իրավիճակը ընդգծում է վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում քաղաքականության կատարելագործման խնդիրները։ Mitsubishi-ն և Chubu Electric-ը դեռ 2021 թվականին շահել էին երեք մրցույթ՝ Չիբա և Ակիտա պրեֆեկտուրաներում։ Դրանք ներառված էին կառավարության ծրագրում, որի համաձայն՝ մատակարարները 20 տարվա ընթացքում էլեկտրաէներգիա էին վաճառելու հաստատված սակագներով։
Մրցույթի ընթացքում Mitsubishi-ն առաջարկել էր ամենացածր գինը՝ 11-16 իեն (0.075-0.11 դոլար) կվտ.ժ դիմաց։ Այդ պահին այս գինը շահութաբեր էր, սակայն JERA էներգետիկ ընկերության տվյալներով՝ 2020-2024 թվականներին քամու տուրբինների գինն աճել է 50-80%-ով։ Արդյունքում նախագծերը դարձել են ոչ շահութաբեր։ Կառավարությունն առաջարկել էր սուբսիդավորել էլեկտրաէներգիայի գինը, սակայն մրցույթում Mitsubishi-ի մրցակիցները դեմ էին հանդես եկել։
Ավելի վաղ նախագծերից դուրս էր եկել նաև Kajima ինժեներական ընկերությունը, որն իրականացնում էր ծովային շինարարական աշխատանքները։
Ճապոնիայի իշխանությունները մեծ հույսեր են կապում ծովային քամու էներգետիկայի հետ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառությունը մեծացնելու շրջանակում։ Մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ բալանսում քամու էներգիայի բաժինը նախատեսվում է բարձրացնել 1%-ից մինչև 4-8%։