
Հնդիկ արտահանողները մտավախություններ ունեն՝ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հետևանքով
Հնդիկ արտահանողները նախազգուշացրել են, որ առանց պետական աջակցության իրենք չեն կարող հաղթահարել ԱՄՆ-ի սահմանած 50%-անոց մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Տվյալների համաձայն՝ Վաշինգտոնի մաքսային հարվածը հնդկական ապրանքները կդարձնի անմրցունակ ամերիկյան շուկայում։ Այդ պատճառով այս հարավասիական երկրի արդյունաբերական խմբերը կառավարությունից պահանջում են ավելի մատչելի վարկեր, աշխատավարձի սուբսիդիաներ և հարկային արտոնություններ։ Հակառակ դեպքում արտադրությունը կկանգնի, աշխատողները կզրկվեն աշխատանքից։ Այս իրավիճակում Հնդկաստանը ստիպված կլինի զիջել իր նվաճած շուկայի մասնաբաժինը մրցակիցներին։ Օրինակ՝ 2025 թվականին հնդկական կոշիկի արտահանումը ԱՄՆ կարող է կրճատվել մինչև 90%-ով։
Bloomberg-ի վկայությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին քայլերը վկայում են երկու երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացման մասին, ինչպես նաև Վաշինգտոնի հրաժարումը երկարամյա այն ռազմավարությունից, որի նպատակն էր Հնդկաստանին օգտագործել որպես հակակշիռ Չինաստանին։ Այժմ մաքսատուրքերը կազդեն ԱՄՆ արտահանվող հնդկական ապրանքների ավելի քան 55%-ի վրա։ Եվ նույնիսկ եթե Նյու Դելիում ընդունվի խթանիչ միջոցառումների փաթեթ, դա միայն կարճաժամկետ թեթևացում կբերի, մինչդեռ Հնդկաստանի արդյունաբերական բազան դատարկվելու սպառնալիքի տակ է։
Կանխատեսումների համաձայն՝ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով Հնդկաստանը շուտով կկորցնի այն բոլոր առավելությունները, որոնք ստացել էր Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո՝ սկսելով ակտիվորեն ներմուծել ռուսական նավթ։