
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. հուլիս
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հուլիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 30.0%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․2 տոկոսային կետով։
Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 9․3 տոկոսային կետով և կազմել՝ 35.2%:
Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 41.1%, որն 2024 թվականի փետրվարի համեմատ նվազել է 15.1 տոկոսային կետով։
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 41․8%, որը նույնպես 5.3 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։
Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն աճել է 1.3 տոկոսային կետով, կազմելով՝ 31.0%:
Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են: