
Մեծ Բրիտանիայի բյուջեի դեֆիցիտն օգոստոսին աճել է մինչև 18 միլիարդ ֆունտ
Մեծ Բրիտանիան օգոստոսին արձանագրել է բյուջեի դեֆիցիտ՝ 18 միլիարդ ֆունտ ստեռլինգի (24.3 միլիարդ դոլար) չափով: Այս մասին ասված է երկրի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։
Ցուցիչն աճել է 3.5 միլիարդ ֆունտով՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, և դարձել վերջին հինգ տարվա առավելագույնն այդ ամսում։
Տնտեսագետները միջինում կանխատեսում էին 12.75 միլիարդ ֆունտ ստեռլինգի դեֆիցիտ։
Ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից՝ ապրիլ-օգոստոսին, բյուջեի դեֆիցիտը կազմել է 83.8 միլիարդ ֆունտ։ Սա 16.2 միլիարդ ֆունտով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, և նույնպես դարձել է առավելագույնը՝ 2020 թվականից ի վեր։
Օգոստոսին բյուջեի եկամուտներն աճել են 4.8 միլիարդ ֆունտ ստեռլինգով՝ հասնելով 93.2 միլիարդի, մինչդեռ ծախսերն աճել են 8.4 միլիարդ ֆունտով՝ հասնելով 111.1 միլիարդի։ Մասնավորապես, պետական պարտքի տոկոսավճարներն ավելացել են 1.9 միլիարդ ֆունտով՝ հասնելով 8.4 միլիարդի։
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի ընդհանուր չափը (առանց պետական բանկերի փոխառությունների) օգոստոսի վերջում կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 96.4%։ Պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը մնում է ռեկորդային մակարդակի՝ 1960-ականների սկզբից ի վեր։