
ArcaQR՝ վճարումներ անմիջապես բանկային հաշվից
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացնում է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով՝ անմիջապես բանկային հաշվից։
Սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկում է ArcaQR-ը` դարձնելով ամենօրյա վճարումները պարզ ու հարմար բոլորի համար։
ArcaQR համակարգին մասնակից բանկերի օգտատերերը կկարողանան մուտք գործել բանկի մոբայլ հավելված, սկանավորել QR-ը եւ կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից։
«ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»,- ասել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով՝ որպես թվային բանկ՝ Evocabank-ի համար շատ կարեւոր է միանալ ArcaQR համակարգին, քանի որ վճարումների ոլորտի զարգացումը իրենց ռազմավարական ուղղություններից մեկն է. «Մենք վստահ ենք, որ ArcaQR-ի կիրառմամբ վճարումները կդառնան ավելի հարմար, արագ եւ ապահով»։
«Ուրախ ենք միանալ ArcaQR նախաձեռնությանը, որի մեկնարկը կարեւոր քայլ է ոչ միայն հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման, այլեւ` ամբողջ համակարգի համաչափ եւ կայուն զարգացման ուղղությամբ։ Ամերիաբանկը հետեւողականորեն ներդնում է նորարար լուծումներ՝ նպաստելով անկանխիկ վճարումների զարգացմանը եւ հաճախորդների համար առավել հարմարավետ գործիքների կիրառմանը։ Լիահույս ենք, որ միասնական QR վճարումները կնպաստեն թվային վճարումների ավելի լայն տարածմանը եւ մեր հաճախորդների փորձառության բարելավմանը»,- նշել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Կոնվերս Բանկի մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանն ասել է, որ իրենց բանկը կարեւորում է բանկային հաշվի ծառայության եւ Converse Mobile հավելվածի` որպես հիմնական թվային ուղու զարգացումը.
«Այս տեսանկյունից չափազանց կարեւոր է շուկայում վճարային գործիքների եւ ենթակառուցվածքների ընդլայնումը եւ զարգացումը, ազգային վճարային համակարգերի շուրջօրյա սերվիսների ձեւավորումը։ Մենք հանձնառու ենք այս նպատակների իրագործմանը եւ առաջիններից ենք միանում նոր ArcaQR համակարգին։ Բանկը, իր ռազմավարության շրջանակում, շարունակելու է իր ծառայություններն ընդլայնել՝ ներդնելով վճարային այլընտրանքային գործիքներ»։
«ArcaQR վճարային գործիքի ավելացումը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է ընդհանուր համակարգի համար։ Որքան հասանելի լինեն Arca ազգային վճարային համակարգի ծրագրերը հաճախորդների համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։ Ուրախ եմ, որ ԱրարատԲանկը միացել է այս ծրագրին, եւ իր մասնակցությամբ աջակցում է ծրագրի կայացմանն ու զարգացմանը»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանի խոսքով՝ Հայէկոնոմբանկի համար ArcaQR համակարգին միանալը կարեւոր քայլ է հաճախորդներին առավել պարզ, հարմար եւ ժամանակակից վճարային լուծումներ առաջարկելու առումով։
«Հայէկոնոմբանկի զարգացման ռազմավարության հիմքում ընկած են նորարարական ծառայությունները, որոնք նպաստում են ոչ միայն հաճախորդների փորձի բարելավմանն, այլեւ՝ անկանխիկ վճարումների մշակույթի զարգացմանը։ Կարծում եմ՝ ArcaQR համակարգը մեր հաճախորդների անկանխիկ գործարքների համար կապահովի արագություն, հարմարավետություն եւ անվտանգություն թվային միջավայրում»,- ասել է Վահե Ղազարյանը:
«ArcaQR համակարգի ստեղծումը նշանակալից քայլ է՝ ապահովելու վճարային ենթակառուցվածքների անընդհատությունը, անվտանգությունը եւ անխափան աշխատանքը: Արդշինբանկը շատ է կարեւորում ArcaQR hամակարգի մեկնարկը եւ ուրախ է հանդես գալ որպես համակարգի մասնակից՝ առաջարկելով այլընտրանքային եւ անվտանգ վճարային լուծումներ՝ անկանխիկ վճարումների մշակույթը խթանելու, հաճախորդների ամենօրյա բանկային կարիքները բավարարելու, նրանց փորձառության եւ սպասարկման որակը բարձրացնելու համար», – նշել է Արդշինբանկ ՓԲԸ վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը: