
BRICS ևս մեկ երկիր պատրաստ է անցնել ազգային արժույթներով հաշվարկների
BRICS անդամ Ինդոնեզիան պատրաստ է իրականացնել հաշվարկներ Մոսկվայի հետ ազգային արժույթներով։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Բուդի Սանտոսոն:
Նրա խոսքով՝ համապատասխան բանակցությունները գտնվում են մշակման փուլում։ Ինդոնեզիայի իշխանությունները նախատեսում են մանրամասն ուսումնասիրել հարցը՝ կենտրոնանալով ֆինանսական կայունության և փոխշահավետ համագործակցության վրա։
Սանտոսոյի տվյալներով՝ անցած տարի Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է՝ հասնելով 4 միլիարդ դոլարի։ Ինդոնեզական արտահանման հիմնական մասն ապահովել են արմավի և կոկոսի յուղը, սուրճը, կակաոյի արտադրանքը և բնական կաուչուկը։ Ռուսաստանը, իր հերթին, մատակարարել է էներգակիրներ, պարարտանյութեր, գյուղատնտեսական հումք, ինչպես նաև ծանր արդյունաբերության արտադրանք։
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Ինդոնեզիայից Ռուսաստան սուրճի մատակարարումները գրեթե տասնապատկվել են՝ հասնելով 33.4 միլիոն դոլարի։ Նախորդ ռեկորդը արձանագրվել էր 2017 թվականին, երբ ցուցանիշը կազմում էր 27 միլիոն դոլար։