
Հնդկաստանը սեպտեմբերին կրկնապատկել է ոսկու ներմուծումը մինչև 9.6 մլրդ դոլար
Հնդկաստանը 2025 թվականի սեպտեմբերին ներմուծել է 9.615 մլրդ դոլարի չափով ոսկի: Այս մասին հայտնել է երկրի առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
Այս ցուցանիշը 2.1 անգամ բարձր է 2024 թվականի սեպտեմբերի մակարդակից և 1.8 անգամ բարձր է 2025 թվականի օգոստոսի ցուցանիշից։
«Ոսկու պահանջարկը կարող է աճել տոնական սեզոնի (հոկտեմբեր-դեկտեմբեր) գագաթնակետին: Պահանջարկի աճին նպաստում է նաև ներդրողների կայուն հետաքրքրությունը, հարսանեկան և այլ առիթների համար ոսկյա զարդերի գնումները, ինչպես նաև սպառողական ապրանքների հարկերի նվազեցման հնարավոր ազդեցությունը», – ավելի վաղ կանխատեսել էր World Gold Council-ի վերլուծաբան Կավիտա Չակոն։
Հնդկաստանում սեպտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել ապրանքների և ծառայությունների հարկային բարեփոխումը։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի 9 ամիսների ընթացքում Հնդկաստանը ներմուծել է 36.016 մլրդ դոլարի ոսկի, ինչը 7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հնդկաստանը համարվում է աշխարհի խոշորագույն ոսկի սպառող երկրներից մեկը՝ գործնականում առանց սեփական արտադրության։