Բիզնես

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 64.41-1.81 WTI - 60.12-1.88
COMEX:  GOLD - 3977.00-0.75 SILVER - 47.44+1.30
COMEX:  PLATINUM - 1576.60+0.24
LME:  ALUMINIUM - 2859.00+2.80 COPPER - 10962.50+3.19
LME:  NICKEL - 15361.00+1.23 TIN - 35802.00+1.14
LME:  LEAD - 2016.50+1.59 ZINC - 3025.50+1.26
FOREX:  USD/JPY - 151.97-0.32 EUR/GBP - 1.164-0.14
FOREX:  EUR/USD - 1.164-0.14 GBP/USD - 1.325-0.73
STOCKS RUS:  RTSI - 984.76-0.31
STOCKS US: DOW JONES - 47706.37+0.34 NASDAQ - 23827.49+0.80
STOCKS US: S&P 500 - 6890.89+0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 50219.18-0.58 TOPIX - 3285.87-1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26346.14-0.33 SSEC - 3988.22-0.22
STOCKS EUR:  FTSE100 - 9696.74+0.44 CAC40 - 8216.58-0.27
STOCKS EUR:  DAX - 24278.63-0.12
28/10/2025  CBA:  USD - 382.78+0.08 GBP - 509.98-0.66
28/10/2025  CBA:  EURO - 446.44+0.94
28/10/2025  CBA:  GOLD - 48867-1634 SILVER - 582.91-7.75
Dave’s Hot Chicken. ամերիկահայ ընկերների գաղափարը՝ միլիարդ դոլար արժողությամբ բրենդ
29/10/2025 13:37
Կիսվել

Dave’s Hot Chicken. ամերիկահայ ընկերների գաղափարը՝ միլիարդ դոլար արժողությամբ բրենդ

Dave’s Hot Chicken-ի պատմությունը սկսվել է 2017 թվականին Արևելյան Հոլիվուդում՝ որպես փոքրիկ ավտոկայանատեղիում տեղակայված տաղավար, որը հիմնադրել էին մանկության ընկերներ Արման Օգանեսյանը, Դեյվ Կոպուշյանը և Թոմի Ռուբենյանը։ Հավաքելով մոտ 900 դոլար՝ նրանք գնել են շարժական տապակիչ և սկսել վաճառել Նեշվիլյան ոճով պատրաստված կծու հավի միս։ 2025 թվականին Dave’s Hot Chicken-ը գնվեց Roark Capital մասնավոր ներդրումային ընկերության կողմից՝ մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով։

Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված Արմանը 24 տարեկան հասակում ելույթ էր ունենում որպես stand-up կատակերգու` մեկ գիշերվա ընթացքում վաստակելով 50 դոլար։ Չունենալով որևէ փորձ բիզնեսի ոլորտում՝ նա առաջարկում է Նեշվիլյան «հոթ չիքեն» վաճառելու գաղափարը իր մանկության ընկեր Դեյվ Կոպուշյանին՝ խոհարարի, որը աշխատել էր մի շարք Միշլենյան ռեստորաններում։ Սկզբում Կոպուշյանը գաղափարի երկրպագուն չէր: Այս մասին CNBC-ին պատմել է Օգանեսյանը։ Ընկերոջը համոզելու համար որոշ ժամանակ է պահանջվել։ Երբ Կոպուշյանին վերջապես հաջողվում է համոզել՝ երկու ընկերները սկսում են դիմել իրենց մյուս ընկերներին՝ ներդրողներ գտնելու նպատակով։

Օգանեսյանը պատմում է, որ բոլորն իրենց մերժեցին, բացի Թոմի Ռուբենյանից։ Երեք ընկերները հավաքեցին իրենց խնայողությունները և սկսեցին մշակել Նեշվիլյան կծու հավի մսի բաղադրատոմս՝ ոգեշնչվելով Լոս Անջելեսի հայտնի Howlin’ Ray’s ռեստորանից, որն ունի երկու մասնաճյուղ։ Ընկերներն ամիսներ են անցկացրել տապակած հավի տարբեր վաճառակետերում, դիտել հավի մասին վավերագրական ֆիլմեր և փորձարկումներ արել Կոպուշյանի խոհանոցում:

Նրանց «խենթ» գաղափարներից մի քանիսը, օրինակ՝ բաղադրատոմսում ժելե-արջուկների օգտագործումը, մերժվել են, իսկ մյուսներն առաջացել են պատահաբար, օրինակ՝ աղաջրի մեջ թթվի հյութ օգտագործելը, որը նրանք հայտնաբերեցին պատահմամբ, երբ մնացած հավը գցեցին գրեթե դատարկ թթվի տարայի մեջ։

«Սա բազում կասկածներով լի հույս էր», – ասել է Արմանը։

Վերջապես՝ նրանք պատրաստ էին վաճառել իրենց տապակած հավի կտորները, բայց չէին կարողանում գնել ֆուդ-թրաք, ինչի փոխարեն Լոս Անջելեսի Արևելյան Հոլիվուդի թաղամասում տեղադրեցին տաղավար՝ 150 դոլար արժողությամբ տապակիչով, տապակած կարտոֆիլի համար տաքացնող լամպով և իրենց ծնողներից վերցված սեղաններով:

Նրանք վաստակեցին 40 դոլար իրենց բացման առաջին օրը՝ վաճառելով չորս ուտեստ Օգանեսյանի ընկերուհուն և նրա երեք ընկերներին։ Սակայն բացվելուց ընդամենը հինգ օր անց՝ խոսակցությունների միջոցով, նրանք գրավեցին Eater Los Angeles-ի նախկին ռեստորանային քննադատ Ֆարլի Էլիոթի ուշադրությունը։

Ստացված դրական գնահատականը հայտնի տեղական կայքում առաջացրեց մեծ հետաքրքրություն․ հոդվածը, որը գովում էր համը և պարզությունը, հանգեցրեց ամբողջ թաղամասով գոյացած հերթերի, և տաղավարը դարձավ սենսացիա։ Օգանեսյանի խոսքով՝ նրանց հաջողվեց առաջին մի քանի ամսվա ընթացքում վաստակել «մի քանի հազար» դոլար։ Երկրորդ ամսվա վերջում նրանք առաջին անգամ տուն գնացին եկամուտով՝ յուրաքանչյուրը տանելով մոտ 10 հազար դոլար։

Մեկ տարի անց՝ նրանց միանում է նաև Թոմի եղբայրը, որն օգնում է ընկերներին բացել իրենց առաջին ռեստորանը։

Սկզբում մենյուն շատ սահմանափակ էր։ Հիմնադիրների խոսքերով՝ այն բաղկացած էր «երկու հավի կտորից՝ ֆրիով, աղցանով և սպիտակ հացի շերտերով»։ Այդ փուլում այլ ուտեստներ, բուրգերներ կամ բուսակերների համար տարբերակներ դեռ չկային։ Գաղափարը շատ պարզ էր՝ կծու հավի միս, հաց, ֆրի, աղցան և թթու։ Հետագայում համեմվածության աստիճաններն ընդլայնվեցին «մեղմ կամ կծու» տարբերակներից մինչև այսօրվա յոթ մակարդակը։

2019 թվականին ներդրողների մի խումբ, որի մեջ էին Dave’s Hot Chicken-ի ներկայիս գլխավոր տնօրեն Բիլ Ֆելփսը, դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը, «Good Morning America»-ի հաղորդավար և նախկին Ազգային Ֆութբոլային Լիգայի խաղացող Մայքլ Սթրեհանը, կինոարտադրող Ջոն Դևիսը և «Red Sox»-ի սեփականատեր Թոմ Վերները բաժնեմաս գնեցին ընկերությունում՝ նպատակ ունենալով այն դարձնել ֆրանչայզային բրենդ։ Գործարքը նախատեսում էր բացել ավելի քան 300 մասնաճյուղ ԱՄՆ-ում և Կանադայում։ Այդ գործարքից հետո Ֆելփսը նշանակվեց ցանցի նոր գլխավոր գործադիր տնօրեն։

2021 թվականին հայտնի երգիչ Դրեյքը միացավ ներդրողներին և դարձավ Dave’s Hot Chicken-ի ակտիվ «քարոզիչներից»՝ հաճախ անվճար բուրգերներ բաժանելով, ինչը մեծացրեց բրենդի ճանաչումը և սոցիալական մեդիաներում բրենդի դերը և ճանաչվածությունը։

Աստղերի հետ այս կապերը նշվել են որպես բրենդի մշակութային հաջողության մաս։

Ֆելփսը ընդլայնեց ցանցի ներկայությունը ազգային և միջազգային մակարդակներում՝ ավելացնելով մասնաճյուղեր Կանադայում, Միացյալ Թագավորությունում և Մերձավոր Արևելքում։ Առաջին միջազգային մասնաճյուղը բացվել է Տորոնտոյում՝ 2021 թվականի հունվարին։

Մինչև 2023 թվականի հուլիսը Dave’s Hot Chicken-ն արդեն ուներ մասնաճյուղեր Դուբայում, Դոհայում, Էր-Ռիադում և Կանադայի մի քանի քաղաքներում։ 2024 թվականին բացվեց նոր ռեստորան Լոնդոնի Շաֆթսբերի Ավենյուում։

Ըստ Technomic հետազոտական ընկերության տվյալների՝ ԱՄՆ-ում Dave’s Hot Chicken-ը նախորդ տարի ունեցել է ավելի քան 600 միլիոն դոլարի ընդհանուր վաճառք։ Ընկերությունն այս տարի սպասում է 1.2 միլիարդ դոլարի վաճառքի և ներկայումս «շատ շահութաբեր» է ինչպես ֆրանչայզինգի, այնպես էլ կորպորատիվ գործառնությունների տեսանկյունից: Այս մասին ասել է Dave’s Hot Chicken-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջիմ Բիթիքսը CNBC-ին։

Այս տարվա հունիսին Ատլանտայում տեղակայված Roark Capital ներդրումային ընկերությունը, որը կառավարում է շուրջ 38 միլիարդ դոլարի ակտիվներ և արդեն տիրապետում է մի շարք խոշոր ռեստորանային բրենդների՝ ինչպես Arby’s-ը, Culver’s-ը և Subway-ը, ձեռք է բերել Dave’s Hot Chicken-ը մոտավորապես 1 միլիարդ դոլարով։

Թեև գործարքի ֆինանսական մանրամասնությունները չեն հրապարակվել՝ Օգանեսյանը, Կոպուշյանը, Ռուբենյան եղբայրները և Ֆելփսը կպահպանեն փոքր բաժնեմասեր և կշարունակեն պաշտոնավարել ընկերությունում:

28/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.78
+0.08
Եվրո (EUR)
446.44
+0.94
Ռուբլի (RUR)
4.7824
-0.0316
Լարի (GEL)
140.95
+0.15
48867
-1634
Արծաթ
582.91
-7.75