ԱՀԿ. Հայաստանի առողջապահության ոլորտում կա անհրաժեշտ մարդկային ռեսուրսների պակաս
Առողջապահական ծառայությունների հասանելիությունն և արդյունավետությունը, ինչպես նաև առողջապահական համակարգի զարգացումն անմիջականորեն պայմանավորված են մարդկային ռեսուրսների առկայությամբ և արդյունավետ աշխատանքով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրությունների համաձայն՝ բուժաշխատողների պակասն ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց կյանքի որակի և առողջական վիճակի վրա։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների ծրագրի ղեկավար Գալինա Պերֆիլիևան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Հայաստանում, կա անհրաժեշտ կադրերով ոչ լիարժեք ապահովվածություն: Այս ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միջին տեղերում. 100,000 բնակչի հաշվով 251,1 բժիշկ, 48,5 առաջնային օղակի բժիշկ, 463,0 բուժքույր։
Այս առումով ամենաբարձր ցուցանիշները Հունաստանում են` 612,6 բժիշկ, 159,4 առաջնային օղակի բժիշկ, իսկ ամենացածրը` Ալբանիայում` 113,6 բժիշկ, 20,6 առաջնային օղակի բժիշկ: