Հայաստանը հաջողությամբ թողարկել է առաջին եվրոպարտատոմսերը
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկել է եվրոպարտատոմսեր:
Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank-ը, LondonBranch-ը, HSBC Bank-ը և J.P.Morgan Securities-ը, հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին թողարկումը:
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ թողարկումն իրականացվել է հետևյալ պայմաններով. թողարկման ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս:
Հիշեցնենք, որ առավել վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ եվրոպարտատոմսի թողարկումը նոր էջ կբացի Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար: Մասնավորին հնարավորություն կտրվի ֆինանսական շուկաներից ներգրավել ավելի էժան միջոցներ։ Վարչապետն ընդգծել էր, որ եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, ապա մեր երկիրը հնարավորություն կունենա մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը։
Նշենք, որ եվրոպարտատոմսն իրենից ներկայացնում է այլ երկրի արտարժույթով թողարկված պարտատոմս:
Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն: