Մեր երկրի արտաքին պարտքը կրճատվել է, ներքին պարտքը՝ աճել
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 756 մլրդ 193,5 մլն ՀՀ դրամ (շուրջ 4,3 մլրդ ԱՄՆ դոլար), որի մոտ 84%-ը կազմել է արտաքին պարտքը, մնացյալը՝ ներքին պարտքը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը նվազել է 8 մլրդ 281,8 մլն ՀՀ դրամով, ինչը տեղի է ունեցել արտաքին պետական պարտքի կրճատման հաշվին:
Հաշվետու ժամանակահատվածում մեր երկրի ներքին պետական պարտքն աճել է՝ շնորհիվ պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի ավելացման:
Հայաստանի արտաքին պարտքի գերակշիռ մասը կազմել է ՀՀ կառավարության պարտքը: Կենտրոնական բանկի պարտքը կազմել է արտաքին պարտքի 15,9%-ը:
Նշենք նաև, որ Հայաստանի արտաքին պետական պարտքի զգալի մասը կազմում են բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Եվրամիություն, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն):