Հայ կինոլոգները միջազգային մրցաշարից վերադարձել են հաղթանակով
Պետական եկամուտների կոմիտեի Կինոլոգիական բաժանմունքի աշխատակիցները Ղրղզստանում մասնակցել են ԱՊՀ երկրների կինոլոգիական ծառայությունների միջազգային մրցաշարին, որին, Հայաստանից բացի, մասնակցել են նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Ղրղզստանը և Ադրբեջանը:
ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից տեղեկանցում են, որ այս մրցումներին մասնակիցներն ավանդաբար հնարավորություն են ունենում ցուցադրել ոչ միայն կինոլոգների աշխատանքը. այն միաժամանակ ԱՊՀ Մաքսային ծառայությունների ղեկավարների գործունեության ուղղակի շարունակությունն է` փորձի և տեղեկատվության փոխանակման, մասնագիտական մոտեցումների և հարցերի շուրջ արդյունավետ և գործնական քննարկումների միջոցով:
Մրցումներն անցկացվել են «թմրանյութերի որոնում՝ տրանսպորտային միջոցներում, ուղեբեռում, սենյակում և «հնազանդություն» անվանակարգերում: Այս մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, կինոլոգ Արամ Հովսեփյանն, իր չորքոտանի գործընկեր Ջեսսիի հետ, միանգամից արժանացել է երկու ոսկե մեդալի` «թմրանյութերի որոնում՝ տրանսպորտային միջոցներում» և «թմրանյութերի որոնում՝ ուղեբեռում» անվանակարգերում:
Ըստ ՊԵԿ Կինոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Հակոբյանի, ՀՀ մաքսային ծառայության կինոլոգների մասնակցությունն այս միջոցառմանը ոչ միայն պայքար էր հաղթանակի ու մրցանակների համար, այլև գործընկերների հետ շփման, փորձի փոխանակման և գործնական կապերի ամրապնդման հիանալի հնարավորություն: