Կարևորվել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: ԱԺ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը և Ալի Լարիջանին փաստել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը:
Երկուստեք կարևորվել է բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները և փոխգործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը:
Կողմերը կարևորել են տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի և Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: