Քննարկվել են ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների համագործակցութանն առնչվող հարցեր
Ղազախստանի Հանրապետության Ակտաու քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստը:
Նիստին մասնակցել է նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի գլխավորությամբ:
ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են մաքսային համագործակցության և միասնական ուղևորային մաքսային հայտարարագրի ներդրմանն ուղղված հարցեր: Օրակարգում են եղել «Մշակութային արժեքների ներմուծման և արտահանման մասին» 2001թ.-ի համաձայնագիրը, ինչպես նաև ԱՊՀ մաքսային ծառայությունների միջև ապրանքների մաքսային արժեքների հսկողության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին նախագիծը:
Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ընթացակարգերը, իրականացվելիք գործընթացները և հեռանկարները, ընդունվել է 18 որոշում:
Մաքսային միության միասնական խորհրդի ղեկավարության հրավերով ՀՀ պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև խորհրդի 9-րդ նիստի աշխատանքներին: