Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ կապերը կոնկրետ արդյունքներ տան: Վարչապետը կարևորել է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար փոխգործակցության նպաստավոր միջավայրի ձևավորումը և տեղեկատվության փոխանակումը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը վարչապետին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ունեցած հանդիպումների արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ կապերի սերտացման և համագործակցության հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման և արտահանման ծավալներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունների, ինչպես նաև պետության աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: