Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովին
Ժամանակակից ճգնաժամային աշխարհը լրացուցիչ բարդություններ է ստեղծել տնտեսագետների համար, միևնույն ժամանակ վերջիններիս աշխատանքը դարձրել հետաքրքիր: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովի շրջանակներում:
Վարչապետը նշել է, որ բազմաթիվ օրինաչափություններ, որոնք դասական տնտեսագիտությունը տալիս էր, շատ հաճախ չեն դրսևորվում: Տնտեսագիտության ոլորտի արդիական թեմաները զգալի փոխվել են:
Վարչապետի դիտարկմամբ՝ այսօր հետադարձ հայացք գցելով վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դրսևորված սոցիալտնտեսական, ֆինանսական բավականին բարդ գործընթացների վրա, փորձ է արվում հասկանալ, թե ինչ նոր մարտահրավերների առջև կարող ենք կանգնել: «Իհարկե, այդ տեսակետից միջազգային համադրումները, անցումային երկրներում դրսևորվող օրինաչափությունների ուսումնասիրությունները մեզ օգնում են ավելի ճիշտ հասկանալ մեր առանձնահատկությունները և օրինաչափությունները, որոնք այսօր առկա են մեր տնտեսական համակարգում»,- նշել է Տիգրան Սարգսյանը: