Չինաստանը կոչ է արել պետական ընկերություններին դադարեցնել Պանամայում նոր նախագծերի շուրջ բանակցությունները
Չինաստանը խնդրում է պետական ընկերություններին կասեցնել պանամական ընկերությունների հետ նոր պայմանագրերի շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
«Չինաստանը պետական ընկերություններին կոչ է անում դադարեցնել Պանամայում նոր նախագծերի շուրջ բանակցությունները՝ Պեկինի պատասխան քայլերի շրջանակում այն բանից հետո, երբ Կենտրոնական Ամերիկայի այս երկիրը չեղարկել է Հոնկոնգի CK Hutchison ընկերության հետ պայմանագիրը՝ իր ռազմավարական ջրանցքում երկու նավահանգիստների կառավարման վերաբերյալ», – նշում է գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ այս որոշումը կարող է ձախողել միլիարդավոր դոլարների հասնող հնարավոր ներդրումները։
Բացի այդ, աղբյուրների փոխանցմամբ, Պեկինը դիմել է նաև նավափոխադրող ընկերություններին՝ կոչ անելով դիտարկել բեռների վերաուղղումը այլ նավահանգիստներով, եթե դա չհանգեցնի զգալի լրացուցիչ ծախսերի։
Նախօրեին Չինաստանում քննադատության էին ենթարկել Պանամայի Գերագույն դատարանի որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել Հոնկոնգի CK Hutchison ընկերության կոնցեսիոն պայմանագիրը՝ Պանամայի ջրանցքի երկու կողմերում գտնվող նավահանգիստների փոխանցման վերաբերյալը։
«Որոշումը իրավաբանորեն աբսուրդ է և անհեթեթ, պարունակում է տրամաբանական բացթողումներ: Պանամայի իշխանությունները պետք է գիտակցեն իրավիճակը և ճշգրտեն իրենց կուրսը։ Եթե նրանք շարունակեն համառել և մնան անզիջում, ապա անխուսափելիորեն կվճարեն բարձր քաղաքական և տնտեսական գին», – ասվում է Չինաստանի Պետական խորհրդի Հոնկոնգի և Մակաոյի հարցերով վարչության հայտարարությունում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ կոնցեսիան գործում էր գրեթե 30 տարի, և դրա երկարաձգումը հաստատվել էր Պանամայի իշխանությունների և կարգավորող մարմինների կողմից։
Չինական կողմի տվյալներով՝ CK Hutchison ընկերությունը Պանամայում օրինական գործունեության մեջ ներդրել է ավելի քան 1.8 մլրդ դոլար՝ ստեղծելով հազարավոր աշխատատեղեր։
