Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայից ստացել է 50 մլն բարել նավթ
ԱՄՆ-ն Վենեսուելայից ստացել է 50 մլն բարել նավթ, որը կտեղափոխվի Հյուսթոն (Տեխաս նահանգ)։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիա նահանգի պողպատաձուլական ձեռնարկությունում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք Վենեսուելայի հետ։ Մենք օգնում ենք նրանց նավթի հարցում, նրանց մոտ շատ նավթ կա։ Մեզ մոտ էլ կա, բայց մենք նրանց շատ ենք օգնում։ Մենք ստացել ենք 50 մլն բարել նավթ, այն հենց հիմա հսկայական նավերով տեղափոխվում է Հյուսթոն», – հայտարարել է Թրամփը։
Հունվարի 3-ին Վաշինգտոնում տեղեկացրել էին Կարակասում անցկացված ռազմական գործողության մասին, որի արդյունքում ամերիկացի զինվորականները ձերբակալել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Հունվարի 5-ին նրանք ներկայացել էին Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարան։ Նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչություն ունենալու մեջ։ Մադուրոն և նրա կինը չեն ընդունել մեղքը։ Վենեսուելայում պետության ղեկավարի պարտականությունները կատարում է Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Ամերիկյան վարչակազմը հայտարարել էր, որ Վենեսուելայի ժամանակավոր կառավարումը կստանձնի Միացյալ Նահանգները։
Հունվարի 6-ին Թրամփը հայտնել էր, որ հանրապետության իշխանությունները համաձայնել են ԱՄՆ-ին փոխանցել 30 մլն-ից մինչև 50 մլն բարել նավթ վաճառքի նպատակով, իսկ գործարքից ստացվող եկամուտների վերահսկողությունը կիրականացնի անձամբ ինքը։ Վարչակազմի ղեկավարն ընդգծել էր, որ Վենեսուելան այդ գործարքից ստացված միջոցներով կգնի միայն ամերիկյան արտադրության ապրանքներ։
