Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ մաքսատուրքերը
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված միակողմանի մաքսատուրքերը և հայտարարել է, որ վճռականորեն կպաշտպանի իր շահերը։ Այդ մասին նշվում է ՉԺՀ Առևտրի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Մենք ուշադրությամբ հետևել ենք ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը մաքսատուրքերի գործով և ներկայումս համակողմանի գնահատում ենք դրա բովանդակությունն ու հետևանքները։ Չինական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ցանկացած միակողմանի մաքսատուրքերի դեմ և բազմիցս ընդգծել է, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ապագա չունի։ ԱՄՆ-ի պատասխան մաքսատուրքերը, ֆենտանիլի հետ կապված մաքսատուրքերը և այլ միակողմանի միջոցները խախտում են միջազգային առևտրի կանոններն ու ԱՄՆ-ի ներքին օրենսդրությունը, ինչպես նաև չեն համապատասխանում բոլոր կողմերի շահերին», – նշված է հայտարարությունում։
ՉԺՀ Առևտրի նախարարությունում նաև ընդգծել են, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում շահը ձեռք է բերվում համագործակցության միջոցով, իսկ հակադրությունը վնաս է հասցնում։
«Չինական կողմը վճռականորեն կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված միակողմանի մաքսատուրքերը։ Մենք նաև ուշադրություն ենք դարձրել այն փաստին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ընդունել այլընտրանքային միջոցներ, այդ թվում՝ առևտրային հետաքննություններ, որպեսզի պահպանի լրացուցիչ մաքսատուրքերը իր առևտրային գործընկերների նկատմամբ։ Չինաստանը ուշադիր կհետևի իրավիճակին և վճռականորեն կպաշտպանի իր շահերը», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը լիազորությունների գերազանցում էր ճանաչել իշխող վարչակազմի կողմից այլ երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը՝ Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) հիման վրա։ Միաժամանակ բարձրագույն դատական ատյանը չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ-ն պետք է վերադարձնի նախկինում մաքսատուրքերի տեսքով ստացված միջոցները։
