Վրաստանն արգելքի փոխարեն կտրուկ կբարձրացնի 6 տարուց ավելի հին ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է երկրում 6 տարուց ավելի հին մարդատար ավտոմեքենաների ներմուծումն արգելելու ծրագրից, սակայն կսահմանի դրանց ներմուծման համար բարձրացված մաքսատուրք։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ներմուծման արգելքի փոխարեն կներդրվի մաքսատուրք՝ 4.5 լարի (շարժիչի ծավալի յուրաքանչյուր 1 խմ սմ-ի համար)՝ 6 տարուց ավելի հին տրանսպորտային միջոցների համար», – ասել է նա։
Ներկայում Վրաստանում մարդատար ավտոմեքենաների ներմուծման ստանդարտ մաքսատուրքը կազմում է 0.8 լարի՝ յուրաքանչյուր 1 խմ սմ շարժիչի ծավալի համար։
«Մենք որոշակի ճշգրտումներ ենք արել այս որոշման մեջ, որը հիմնված էր համապատասխան մասնավոր ձեռնարկությունների և մեր քաղաքացիների շահերի վրա», – նշել է Կոբախիձեն։
Փետրվարի 12-ին նա հայտարարել էր, որ ապրիլի 1-ից կարգելվի 6 տարուց ավելի հին մարդատար ավտոմեքենաների ներմուծումը Վրաստան։
«Վերջին տարիներին Վրաստանում տրանսպորտային միջոցների քանակը զգալիորեն աճել է։ 2012 թվականին երկրում գրանցված էր 864 հազար ավտոմեքենա, իսկ ընթացիկ տարվա տվյալներով այդ թիվն արդեն գերազանցել է 2 միլիոնը։ Մենք տեսնում ենք աճի մասշտաբները։ Տրանսպորտային միջոցների այսպիսի աճը մի կողմից հանգեցնում է խցանումների, մյուս կողմից՝ վատթարացնում է շրջակա միջավայրի վիճակը։ Հետևաբար կարծում ենք, որ այստեղ նույնպես անհրաժեշտ է ձեռնարկել շատ կարևոր միջոցներ։ Սա կարևոր է էկոլոգիայի, մարդկանց առողջության և բնակչության հարմարավետ տեղաշարժն ապահովելու համար», – ասել էր վարչապետը։
Կառավարության այս որոշումը լայն քննարկումներ էր առաջացրել վրացական լրատվամիջոցներում։ Վերջիններս, հղում անելով ներմուծողներին, նշել էին, որ նման արգելքը կարող է գրեթե կիսով չափ կրճատել Վրաստանի ավտոշուկան։
Մարդատար ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը առաջին տեղն են զբաղեցնում Վրաստանի արտաքին առևտրի կառուցվածքում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

