Spotify-ը թեստավորում է գործիք՝ արհեստական բանականությամբ բովանդակությունը երաժիշտներիստեղծածից տարանջատելու համար
Spotify-ը թեստավորում է «Artist Profile Protection» նոր գործառույթը, որը թույլ է տալիս արտիստներին դիտել թողարկումները մինչև դրանց հրապարակումը իրենց պրոֆիլներում։ Գաղափարն այն է, որ երաժիշտները ավելի մեծ վերահսկողություն ունենան այն մասին, թե որ թրեքերն են կապվում իրենց անվան հետ սթրիմինգային հարթակում։
«Երաժշտությունը տարբեր սթրիմինգային ծառայություններում հաճախ հայտնվում է սխալ կատարողների էջերում, իսկ արհեստական բանականությամբ հեշտ ստեղծվող թրեքների տարածումը ավելի է սրում խնդիրը։ Մենք չենք ցանկանում, որ արտիստները նման փորձ ունենան Spotify-ում, և այդ պատճառով 2026 թվականի համար առաջնահերթ ենք համարում կատարողների ինքնության պաշտպանությունը։ Այսօր մենք հայտարարում ենք խնդրի լուծման առաջին նմանօրինակ տարբերակի մասին, որը տարիներ շարունակ ազդել է սթրիմինգի ոլորտի վրա», – նշել են ընկերության ներկայացուցիչները։
Բետա-թեստավորման մասնակիցները կարող են դիտել և հաստատել կամ մերժել Spotify ուղարկվող թողարկումները։ Միայն հաստատված թրեքներն են հայտնվելու նրանց պրոֆիլում, հաշվի առնվելու վիճակագրությունում և հայտնվելու օգտատերերի առաջարկություններում։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից մեկ շաբաթ անց, երբ Sony Music Entertainment-ը հայտնել էր, որ պահանջել է հեռացնել ավելի քան 135 հազար արհեստական բանականությամբ ստեղծված երգեր, որոնց հեղինակները ներկայացել էին որպես ընկերության արտիստներ։ Բացի այդ, վերջերս Հյուսիսային Կարոլինայից մի երաժիշտ ընդունել էր իր մեղքը՝ երաժշտական սթրիմինգային հարթակների դեմ խարդախ սխեմային մասնակցելու մեջ՝ հեղինակային վճարներ ստանալու նպատակով։ Նա ստեղծել էր մի քանի հարյուր հազար երգեր ԱԲ-ի միջոցով և օգտագործել բոտեր՝ միլիարդավոր լսումներ ապահովելու համար։
Spotify-ը նշում է, որ թեև բաց տարածումը հեշտացրել է անկախ արտիստների համար երաժշտության հրապարակումը, այն նաև ստեղծում է սխալների և չարաշահումների հնարավորություն։ Թրեքերը կարող են հայտնվել սխալ կատարողի պրոֆիլում մետատվյալների սխալների, նույն անուն ունեցող արտիստների միջև շփոթության կամ դիտավորյալ գործողությունների պատճառով։
Հարթակը նշում է, որ թեև նոր գործառույթը բոլորին անհրաժեշտ չէ, այն նախատեսված է այն արտիստների համար, որոնք բազմիցս բախվել են սխալ թողարկումների հետ, ունեն տարածված անուն կամ ցանկանում են ավելի մեծ վերահսկողություն իրենց պրոֆիլում ցուցադրվող բովանդակության նկատմամբ։
Բետա-թեստավորման մասնակիցները կտեսնեն գործառույթը «Spotify for Artists» կարգավորումներում՝ ինչպես վեբ տարբերակում, այնպես էլ շարժական սարքերում։ Եթե ակտիվացվի «Կատարողի պրոֆիլի պաշտպանությունը», նրանք էլեկտրոնային փոստով ծանուցում կստանան, երբ երաժշտություն մուտքագրվի Spotify՝ նշված իրենց անունով, և կկարողանան հաստատել կամ մերժել այն։
Ավելի վաղ Apple Music-ը հայտարարել էր, որ կավելացնի թեգեր, որոնք թույլ կտան տարբերել արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը։ Ծառայությունը նախատեսում է ներդնել մետատվյալների նոր համակարգ, որը հնարավորություն կտա նշելու ԱԲ-ի կիրառումը երաժշտական բովանդակության ստեղծման ընթացքում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

