Գերմանիան ԱՄՆ-ի դեմ տնտեսական պատերազմի գաղտնի պլան է պատրաստում Եվրոպայի համար
Բեռլինը սկսել է աննախադեպ ծրագրի մշակումը․ պաշտոնյաները մանրակրկիտ քարտեզագրում են ամերիկյան մատակարարման շղթաների խոցելիությունները՝ նոր հակամարտության դեպքում Դոնալդ Թրամփի վարչակազմին պատասխան հարված հասցնելու համար ցավոտ կետեր գտնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Գերմանիայի նպատակը միասնական եվրոպական կոնսենսուսի ձևավորումն է՝ այն հարցում, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգտագործել իր տնտեսական լծակները, եթե Եվրոպան կրկին ներգրավվի Սպիտակ տան հետ առևտրային կամ քաղաքական դիմակայության մեջ։
Գերմանացի ռազմավարների նախնական եզրակացությունները մատնանշում են մի քանի հնարավոր թիրախ՝ տեխնոլոգիական հսկաներից, որոնք սերտ կապեր ունեն ամերիկյան վարչակազմի հետ, մինչև արհեստական բանականության ոլորտ։ Մեկ այլ հավանական թիրախ է դեղագործությունը․ Եվրոպան կարող է արհեստականորեն հրահրել դեղերի գների աճ ամերիկացիների համար։
«Միասնական ճակատով հանդես գալով՝ եվրոպացիները կարող են ցույց տալ Թրամփին, որ պատրաստ են հարվածին հարվածով պատասխանել: թե Եվրոպան կարողանա համոզիչ կերպով ապացուցել, որ վախեցնելու մարտավարությունը չի աշխատում, դա ժամանակի ընթացքում կթուլացնի Թրամփի կողմնակիցների դիրքերը Վաշինգտոնում», – նշում է Եվրոպական խորհրդի միջազգային հարաբերությունների խորհրդի տնտեսական դիվանագիտության փորձագետ Տոբիաս Գերկեն:
Բեռլինի այս նախաձեռնությունը Եվրոպայի շտապ քայլերի մի մասն է՝ նոր աշխարհաքաղաքական ճարտարապետություն կառուցելու ուղղությամբ, որը կկարողանա դիմակայել ԱՄՆ-ի աճող թշնամանքին և Չինաստանի ուժեղացող ազդեցությանը։
Աղբյուրների խոսքով՝ «վերադարձի կետը» դարձել է Թրամփի հունվարին արված փորձը՝ Դանիայից «գնել» կամ անեքսիայի ենթարկել Գրենլանդիան։ Եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքների համար այս միջադեպը վերջնական ապացույց դարձավ, որ փոխադարձ տրանսատլանտյան պարտավորությունների դարաշրջանն անդառնալիորեն ավարտվել է։
