ՊԵԿ-բիզնես երկխոսություն․ կարևորվել է հարկային կամավոր կարգահապության բարձրացումը
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպում-քննարկումները՝ խթանելով բաց երկխոսությունն ու արդյունավետ գործընկերային միջավայրի ձևավորումը։ Օրերս, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են կահույքի արտադրության, ներմուծման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ։ Հանդիպման առանցքում՝ կահույքագործության ոլորտի տնտեսվարողների համար արդար, թափանցիկ և հավասար տնտեսական միջավայրի ձևավորումն ու ապահովումն է։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչներն, անդրադառնալով Կոմիտեի առաքելությանն ու տեսլականին, կարևորել են կահույքագործության, ինչպես նաև բոլոր ոլորտներում հարկային կամավոր կարգապահության շարունակական բարձրացումն ու բարելավումը։ Միաժամանակ, հարկային կարգապահության բարձրացման և ռիսկերի արդյունավետ գնահատման համատեքստում, ընդգծվել են ոլորտային վերլուծությունների դերի մեծացման և վարչարարական գործիքակազմի լավարկման անհրաժեշտությունը՝ կարգապահ հարկ վճարողներին ոչ կարգապահներից հստակ տարանջատելու, նաև կարգապահ հարկ վճարողների գործունեությանն անհարկի միջամտելու դեպքերը բացառելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին՝ կարևորելով կահույքի արտադրության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացումը, ներքին և արտաքին շուկաներում որակյալ ու մրցունակ արտադրության ապահովումը: Ոլորտի զարգացման և արտադրական կարողությունների հզորացման գործում ընդգծվել են նաև պետական աջակցության ծրագրերը:
Ծավալվել է ակտիվ քննարկում՝ բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացված ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների շուրջ։ Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, ներկայացվել են նաև առաջարկներ ու դիտարկումներ, որոնց հնարավոր լուծումները Կոմիտեում կուսումնասիրվեն հետագայում։
Կողմերը կարևորել են ոլորտային քննարկումները, որպես գործընկերային հարաբերությունների ամրապնդման, խնդիրների համատեղ լուծման և վստահության բարձրացման հարթակ։ Ավարտին վերահաստատվել է շարունակական երկխոսության և համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
