Նավթային ճգնաժամի ֆոնին` Չինաստանը տնտեսությունից դուրս է բերել 160 մլրդ դոլար
Չինաստանի կենտրոնական բանկը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է փողերի դուրսբերում երկրի ֆինանսական համակարգից։ Այս քայլը ցույց է տալիս Պեկինի ցանկությունը պահպանել գործողությունների ազատություն այն պայմաններում, երբ նավթի համաշխարհային գների կտրուկ աճը սկսում է արագացնել ներքինգնաճը: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Մարտի արդյունքներով Չինաստանի Ժողովրդական բանկը կարճաժամկետ բաց շուկայի գործառնությունների միջոցով ֆինանսական համակարգից դուրս է բերել 890 մլրդ յուան (129 մլրդ դոլար): Եվս 250 մլրդ յուան կարգավորիչը դուրս է բերել երկարաժամկետ գործիքների միջոցով։
Լիկվիդայնության նման արտահոսքը նշանակում է իշխանությունների քաղաքականության կտրուկ շրջադարձ։ Բազմաթիվ ամիսների ընթացքում Պեկինը բառացիորեն գումարներով «լցնում» էր աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը՝ փորձելով այն դուրս բերել ամենախորը անկումից, որը տեղի էր ունեցել 2022 թվականի վերջում՝ կորոնավիրուսային լոքդաունների չեղարկումից հետո։
Սակայն իրավիճակը արմատապես փոխվել է․ 2026 թվականի սկզբին տնտեսական աճը սկսել է վերականգնվել, իսկ Իրանում պատերազմը հանգեցրել է նավթի գների կտրուկ բարձրացման։ Սա Չինաստանին մոտեցրել է երկար սպասված դուրս գալուն երկարատև դեֆլյացիայից, և կենտրոնական բանկը կանխատեսելիորեն փոխել է մարտավարությունը՝ անցնելով ավելի պահպանողական մոտեցման։
Չինաստանի տնտեսությունը 2026 թվականին աճում է սպասվածից արագ։ Մարտի տվյալները ցույց են տվել, որ ՉԺՀ-ի առևտուրն ու արդյունաբերությունը պահպանել են կայունությունը նույնիսկ Իրանում պատերազմի սկսվելուց հետո։ Առայժմ Չինաստանը խուսափել է այն խորը վնասներից, որոնց բախվում են այլ երկրներ։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր տնտեսագետներն են հրաժարվում տոկոսադրույքների նվազեցման գաղափարից։ Պատմականորեն Ժողովրդական բանկը գնացել է քաղաքականության մեղմացման այն դեպքերում, երբ թանկ հումքի պատճառով արտադրողների գների աճը չի փոխանցվել սպառողական ինֆլյացիային, ինչն իր հերթին հանգեցրել է գործարանների շահութաբերության կտրուկ նվազման։
Ակնհայտ է, որ բանկը կպահպանի խթանող մոտեցումը այնքան ժամանակ, քանի դեռ ներքին սպառողական և կորպորատիվ պահանջարկը չի ցուցաբերի զգալի բարելավում։ Բացի այդ, կարգավորիչի համար կենսական նշանակություն ունի փոխառությունների արժեքը ցածր պահելը՝ ֆինանսների նախարարությանն օգնելու համար ավելի շատ պետական պարտատոմսեր տեղաբաշխել պետական ծախսերը ֆինանսավորելու նպատակով։
