Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում
Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան կարևոր իրադարձությունը՝ Doing Digital Forum-ը (DDF), չորրորդ տարին անընդմեջ անցկացվեց Երևանում։ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո ֆորումը համախմբեց 30 տեղական և միջազգային բանախոսի, այդ թվում՝ առաջատար փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների՝ քննարկելու համաշխարհային թվային ապագան։
Doing Digital Forum-ի հիմնադիր և ֆորումի կազմակերպիչ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն իր բացման ելույթում նշեց․ «Այսօր թվային տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն բիզնեսի, այլև տնտեսությունների միջև կապերի ձևը՝ կառուցելով նոր կամուրջներ։ Եթե ոչ այդքան վաղ անցյալում այդ կապերը կառուցվում էին պետությունների, բանկերի և ավանդական առևտրային հարաբերությունների միջոցով, ապա այսօր դրանք առավելապես ձևավորվում են թվային պլատֆորմների, տվյալների և ֆինանսական տեխնոլոգիաների շուրջ՝ դառնալով նոր միջավայր, որտեղ ոչ թե ճանապարհներն են միավորում տնտեսությունները, այլ տվյալները, ալգորիթմները և թվային ենթակառուցվածքները»։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նկատեց` չնայած գլոբալ անորոշություններին, ներկա ժամանակաշրջանը նաև նոր հնարավորություններ է ստեղծում։ «Հայաստանը, գտնվելով Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, ունի եզակի դիրք՝ լինելու կամուրջ՝ միացնելով շուկաները, գաղափարները, կապիտալն ու տաղանդները մայրցամաքների միջև։ Մակրոտնտեսական կայունությունն ու ինստիտուցիոնալ վստահելիությունն են, որ ապահովում են այդ կամուրջի լինելիության հիմքը: Ճիշտ ֆինանսական և թվային ենթակառուցվածքների առկայության դեպքում մեր գործընկերները Հայաստանում և ողջ աշխարհում հնարավորություն կունենան նորարարություններ անելու, ներդրումներ կատարելու և կառուցելու վաղվա տնտեսությունը»,-ասաց ԿԲ նախագահը։
Ներկայացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ռազմավարությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, որ իրականացվում են համակարգային թվային բարեփոխումներ՝ Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական և լոգիստիկ հաբ դիրքավորելու նպատակով։ «Միջազգային հարկային թափանցիկության, «խելացի սահմանների» և էլեկտրոնային առևտրի ինտեգրման համադրությամբ Հայաստանը ձևավորվում է որպես բարձր վստահություն վայելող տեխնոլոգիական և լոգիստիկ խաչմերուկ՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում արժեք ստեղծելու հստակ հեռանկարով»,-հավելեց ՊԵԿ նախագահը։
Միջոցառման օրակարգը ներառում էր հիմնական ելույթներ և պանելային քննարկումներ, որոնք կենտրոնացած էին արհեստական բանականության (ԱԲ) ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցության, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների փոխկապակցման, ինչպես նաև նորարարությանը զուգահեռ կարգավորման դաշտի հավասարակշռման շուրջ:
Այս տարվա հատուկ հյուրը՝ Ant International-ի փոխնախագահ և Կայուն զարգացման գծով գլխավոր տնօրեն Լեյմինգ Չենը Unchain-ի կառավարող գործընկեր, ֆինանսների և նորարարական էկոհամակարգերի առաջնորդ Դեյվիդ Փոլաքի հետ զրույցի ընթացքում կիսվեց «աջենտիկ առևտրի» (agentic commerce) իր տեսլականով։ «Արհեստական բանականությունն արդեն դարձել է ֆինանսական ենթակառուցվածքի հիմնական շերտը։ Հաջորդ փուլը ԱԲ ագենտներն են՝ որպես ապագայի առևտրի ակտիվ մասնակիցներ, ինչը հիմնովին կփոխի փողի էությունը՝ ապահովելով ստատիկ և օգտատիրոջ կողմից կառավարվող երևույթից անցումը դեպի դինամիկ, ծրագրավորվող և ավելի ու ավելի ինքնավար միջոցի»:
Իր ելույթում Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ և Պրոդուկտների ու լուծումների գծով ղեկավար Ալեքսանդր Յաբլունիվսկին անդրադարձավ վճարային էկոհամակարգի զարգացումներին։ Նա վկայակոչեց Deloitte-ի հետազոտությունը, ըստ որի՝ մինչև 2030 թվականը թվային առևտրի 30 տոկոսն այս կամ այն կերպ կապված կլինի ԱԲ ագենտների հետ, ինչը 17,5 տրիլիոն դոլարի շուկա է նոր բիզնեսների համար: «Հաջորդ փուլը կլինի այն, երբ ագենտը մարդու հսկողության ներքո կնախաձեռնի գործարքը, իսկ այնուհետև այդ ագենտը կիրականացնի ինքնավար գործարքներ: Սա նշանակում է, որ մենք կպատվիրակենք ոչ միայն մեր գնումները, այլև մեր մտադրությունները»,- նշեց Յաբլունիվսկին՝ հավելելով, որ այս ամենում մարտահրավեր են շարունակում մնալ ցանցային անվտանգությունն ու սպառողների վստահության ապահովումը։
Amazon Web Services-ի (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան նկատեց, որ թվային փոխակերպումը մնացել է անցյալում, ներկայում ընկերությունները պետք է դառնան «ԱԲ կրողներ» (AI-native): «ԱԲ կրող ձեռնարկությունն այն ընկերությունն է, որն արհեստական բանականությունն օգտագործում է ոչ թե որպես գործիք կամ չատ-բոտ, այլ դրա միջոցով վերանայում է իր աշխատանաքային գործընթացները: Այդպիսի ընկերությունների թիմերը ԱԲ-ին վերաբերվում են որպես թիմակցի», – ասաց Ունդուրագան՝ հավելելով, որ ոչ թե պետք է վախենալ արհեստական բանականությունից, այլ պետք է սովորել այն։
Just Better-ի գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Օլմեյերն էլ խոսեց առաջնորդության հիմնարար փոփոխության մասին՝ կոչ անելով թոփ մենեջերներին դուրս գալ փոխարինվելու վախի «մութ գոտուց»: «Արհեստական բանականությունը ձեզ չի փոխարինի, ձեզ կփոխարինեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱԲ-ն։ Մենք անսահման հնարավորությունների դարաշրջանում ենք, բայց դա պահանջում է առաջնորդ, ով օգտագործում է մարդկանց մտքի ուժը, հետաքրքրասիրությունը, ստեղծագործականությունն ու քաջությունը և դա համալրում է արհեստական բանականությամբ։ Այն այստեղ է մեզ առաջ մղելու և ավելի լավը դարձնելու», – ասաց Օլմայերը:
Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց բաց ֆինանսներին (open finance), վճարային նոր էկոհամակարգին և թվային ենթակառուցվածքների ու իրական տնտեսության փոխկապակցվածության հարցերին։
«Ֆինանսական ենթակառուցվածքի հաջորդ փուլը հարթակների և տնտեսությունների ավելի ուղիղ կապակցումն է։ Նոր ֆինանսական ուղիները հնարավորություն են տալիս արժեքին ավելի ազատ շարժվել՝ կապելով շուկաները, բացելով նոր հնարավորություններ և ուժեղացնելով տնտեսական կապերը սահմաններից դուրս»,-նշեց aeda wallet-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արթուր Կարճիկյանը։
Հայաստանի առաջին և միակ անկախ բանկոմատային ցանցի՝ Finbox-ի հիմնադիր և տնօրեն Արամ Ազատյանի խոսքով էլ՝ կանխիկից ամբողջությամբ հրաժարվելն այսօր անիրատեսական է։ Finbox-ի մոտեցումն այն է, որ կանխիկի հասանելիությունն իրականում աջակցում է անկանխիկ վճարումներին։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 90 խոսնակի և շուրջ 4000 մասնակցի 15 երկրից՝ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Լեհաստանից և ԱՊՀ երկրներից։ Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն էր, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն էր, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։
