Ինչպես Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը կսահմանափակի համաշխարհային տնտեսության աճը
Մերձավոր Արևելքում պատերազմը դարձել է համաշխարհային տնտեսության համար լուրջ շոկ։ Նավթի, գազի, պարարտանյութերի և մի շարք այլ ապրանքների գների աճի պատճառով, որոնց մատակարարումները կրճատվել են Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով, համաշխարհային ՀՆԱ-ի աճը կլինի սպասվածից ցածր, իսկ գնաճը՝ ավելի բարձր։
ԱՄՀ-ն նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 3.3%-ից հասցնելով 3.1%-ի։ Ինքնին 0.2 տոկոսային կետի վերանայումը մեծ իրադարձություն չէր լինի․ դա մակրոտնտեսական կանխատեսումների սովորական շեղում է։ Այդպիսի միջակայքում գնահատականները պարբերաբար փոխվում են՝ նոր տվյալների ստացմանը զուգահեռ։ Սակայն հիմնադրամը զգուշացրել է, որ ներկայիս սպասումները կարող են էլ ավելի վատթարանալ։
Նոր կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի հետ մոտ ժամանակում կավարտվի, Պարսից ծոցի երկրները կվերականգնեն իրենց արտահանումը, իսկ նավթի և կտրուկ թանկացած այլ ապրանքների գները կկայունանան։ Եթե դա տեղի չունենա (իսկ ներկայում Հորմուզի նեղուցի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները մշուշոտ են), հետևանքները համաշխարհային տնտեսության համար կլինեն ավելի լուրջ։
Ամենավատ սցենարի դեպքում, երբ Brent տեսակի նավթի միջին գինը տարվա ընթացքում կկազմի 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց, համաշխարհային տնտեսությունը կարող է հայտնվել ռեցեսիայի եզրին, որը ԱՄՀ-ն սահմանում է որպես 2%-ից ցածր աճ։
