Քուվեյթը ֆորս-մաժոր է հայտարարել՝ նավթի մատակարարումների վերաբերյալ
Քուվեյթի պետական նավթային ընկերությունը՝ Kuwait Petroleum Corp.-ը ֆորս-մաժոր է հայտարարել նավթի և նավթամթերքի մատակարարումների մասով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Որոշումը կապված է Հորմուզի նեղուցի շրջափակման հետ, սակայն խոսքը մատակարարումների լիակատար դադարեցման մասին չէ։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Քուվեյթը ֆորս-մաժոր է հայտարարել հում նավթի և նավթամթերքի մատակարարումների վերաբերյալ։ Գործակալությունը հղում է անում Kuwait Petroleum Corp. (KPC) պետական ընկերության փաստաթղթին, որը վերջինս ուղարկել է իր հաճախորդներին։ Խոսքը պայմանագրի այն կետի մասին է, որը թույլ է տալիս մատակարարումներ չիրականացնել։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Հորմուզի նեղուցի շրջափակումը անհնար է դարձնում հաճախորդների հանդեպ պարտավորությունների կատարումը։ Սակայն գործակալությունն ընդգծում է, որ խոսքը մատակարարումների ամբողջական դադարեցման մասին չէ։
Քուվեյթը նավթի համաշխարհային խոշորագույն մատակարարներից մեկն է։ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում երկիրը Հորմուզի նեղուցով օրական վաճառել է շուրջ 1.4 մլն բարել հում նավթ։
Մարտի սկզբին KPC-ն հայտարարել էր, որ Քուվեյթը կրճատում է հում նավթի արդյունահանումն ու վերամշակումը՝ կապված Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ Իրանի սպառնալիքների հետ։ Ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ այդ ճշգրտումը կանխարգելիչ բնույթ ունի և կախված կլինի Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացումից, ինչպես նաև ընդգծել էին KPC-ի պատրաստակամությունը՝ արտադրության ծավալները վերականգնելու համար։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ այս քայլը Քուվեյթի համար դարձել է հարկադիր միջոց՝ երկրի նավթապահեստներում տեղերի պակասի պատճառով։
Պարսից ծոցի երկրների մեծ մասը, ներառյալ Քուվեյթը, կախված են Հորմուզի նեղուցից՝ որպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան նավթի մատակարարման հիմնական երթուղի։ Նեղուցը շրջանցելով՝ ափամերձ տերմինալների միջոցով նավթ արտահանելու հնարավորություն ունեցող խողովակաշարեր առկա են միայն Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Իրանում։
