ԱՄՆ-ն մտադիր է 2027-ին մեծացնել ռազմական ոլորտի բյուջեն
Ներկայացվել է ԱՄՆ-ի 2027 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝ 1.5 տրլն դոլար ծավալով, ինչը հետպատերազմյան ժամանակաշրջանում ռազմական ծախսերի ամենամեծ աճն է։
Նախարարի տեղակալ Ժյուլ Հերսթը Պենտագոնում անցկացված բրիֆինգի ընթացքում հայտարարել է, որ բյուջեն 42%-ով ավելի մեծ կլինի, քան անցյալ տարի։ Նրա խոսքով՝ դա «էապես կհարուցի պաշտպանական-արդյունաբերական բազայի զարգացումը»՝ հիմնական զինատեսակների արտադրության ընդլայնման և մատակարարման շղթաների ամրապնդման հաշվին։ Անցյալ տարի ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 1 տրիլիոն դոլարը։
Հերսթի խոսքով՝ ապագա բյուջեից 750 մլրդ դոլարը նախատեսված է հակահրթիռային պաշտպանության «Ոսկե գմբեթ» համակարգի ստեղծման համար, ինչպես նաև նավերի, ինքնաթիռների և անօդաչու սարքերի գնման և պաշտպանական-արդյունաբերական բազայի զարգացման նպատակով։
Բյուջեն նախատեսում է ավելի քան 65 մլրդ դոլար՝ 18 մարտական նավ և 16 օժանդակ նավ ձեռք բերելու համար, ինչը 1962 թվականից ի վեր նավաշինության համար ներկայացված ամենախոշոր հարցումն է։ Այն նաև նախատեսում է 102 մլրդ դոլար՝ ինքնաթիռների գնման, հետազոտությունների և մշակումների համար։ Մասնավորապես, ծրագրվում է ձեռք բերել հինգերորդ սերնդի 85 F-35 կործանիչ և ֆինանսավորել վեցերորդ սերնդի F-47 կործանիչի մշակումը։ Մոտ 6.1 մլրդ դոլար պահանջվում է նոր ռազմավարական B-21 ռմբակոծիչների արտադրության համար։
Ամենախոշոր ներդրումներից մի քանիսը կուղղվեն անօդաչու սարքերի կիրառմամբ պատերազմի տեխնոլոգիաներին։ Բյուջեում պահանջվում է 53.6 մլրդ դոլար՝ անօդաչու սարքերի ինքնավար հարթակների և լոգիստիկայի համար, ինչպես նաև 21 մլրդ դոլար՝ զինամթերքի, անօդաչուներին հակազդման տեխնոլոգիաների և առաջատար համակարգերի մշակման համար։
Բյուջեն նաև առաջարկում է բազմամյա պայմանագրեր՝ տարբեր տեսակի զինամթերքի և հարվածային զինատեսակների ավելի մեծ ծավալի գնման նպատակով։
Նշվում է, որ բյուջեն չի ներառում Իրանի հետ հակամարտության ֆինանսավորումը։ Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով՝ այդ նպատակով, հավանաբար, կպահանջվի լրացուցիչ բյուջետային հարցում՝ կարճաժամկետ օպերատիվ ծախսերը և հակամարտության արդյունքում առաջացած զինանոցը համալրելու կարիքները ծածկելու համար։
